Քաղաքական

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը՝ տարածաշրջան կատարած այցի արդյունքներով

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել տարածաշրջան հոկտեմբերի 14-ից 18-ը կատարած այցի արդյունքներով: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Պիեր Անդրիոն (Ֆրանսիա) այս շաբաթ ժամանել են տարածաշրջան՝ երկրների ղեկավարների հետ հանդիպելու և մասնակցելու հայ-ադրբեջանական սահմանի ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելությանը: Համանախագահներին միացել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Ամերիկացի համանախագահ Ջեյմ Ուորլիքը չի մասնակցել այցին անձնական պատճառներով, սակայն պատվիրակության մեջ եղել էԱՄՆ-ի ներկայացուցիչ: Այս մասին հայտնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:

Բաքվում համանախագահները հանդիպում են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, իսկ Հայաստանում՝ նախագահ Սարգսյանի հետ: Երևանում համանախագահները քննարկում են ունեցել նաև ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Երկու մայրաքաղաքներում համանախագահները քննարկել են  հոկտեմբերի վերջին Փարիզում կայանալիք, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսու Օլանդի կողմից նախաձեռնած Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանը վերաբերող հարցեր: Համանախագահները վերագնահատել են նախագահների՝ Սոչիի և Ուելսի վերջին հանդիպումները՝ արձանագրելով շփման գծի երկայնքով իրավիճակի կայունացում ամռանը առաջացած լարվածությունից հետո: Նրանք նաև հույս են հայտնել, որ հրադադարի ռեժիմի վերջին խախտումները չեն սրի իրավիճակը:

Նախագահների հետ հանդիպումից բացի համանախագահները մասնակցել են ԵԱՀԿ դիտորդական առաքելությանը հայ-ադրբեջանական սահմանին: Սահմանի երկու կողմերում հանդիպում են ունեցել տեղական պաշտոնյաներին և հրամանատարներին՝ ճեպազրույց ունենալով անվտանգության հարցերի շուրջ: Համանախագահները կողմերին կոչ են արել քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ և խուսափել բռնությունից, մասնավորապես քաղաքացիական անձանց նկատմամբ:

 

Back to top button