ԿարևորՔաղաքական

Նախկին ԽՍՀՄ տարածքում Հոլոքոստի վերաբերյալ ուսումնական ձեռնարկը՝ ուղեցույց հայ մանկավարժների համար

Լիանա Եղիզարյան
«Ռադիոլուր»

Հայոց ցեղասպանության դասավանդման մեթոդաբանությունը նոր շեշտադրումներ է ստանում: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում այսօր տեղի է ունեցել նախկին ԽՍՀՄ տարածքում Հոլոքոստի վերաբերյալ ուսումնական ձեռնարկի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Դրան հաջորդել է «Դպրոցներում Հայոց ցեղասպանության եւ Հոլոքոստի թեմաների դասավանդման խնդրները» գիտագործնական սեմինարը, որի ընթացքում տարբեր դասախոսություններ են հնչում: Քննարկվում են Հոլոքոստի մասին հայկական դպրոցական դասագրքերում տրվող տեղեկությունները, Հայոց ցեղասպանության եւ Հոլոքոստի նմանություններն ու տարբերությունները: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանն այս առիթով շեշտել է՝ մենք Հայոց ցեղասպանությունն ու Հոլոքոստը միմյանց հետ համեմատության մեջ դնելով նաեւ գիտական դաշտ ենք մտցնում Հայոց ցեղասպանության թեման՝ ավելի ամուր հիմքերով, ավելի բարձր ձայնով:

 

Ցեղասպանության թեման նորովի ու ավելի հստակ շեշտադրումներով է պետք ներկայացնել, ու դա նախ պետք է սկսել դպրոցից՝ վերանայելով թեմայի դասավանդումը: Հենց այս նպատակադրմամբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն իր «Ցեղասպանության թեմայի դասավանդում» ծրագրի շրջանակներում հայերեն է թարգմանել նախկին ԽՍՀՄ տարածքում Հոլոքոստի վերաբերյալ ուսումնական ձեռնարկը, որը կարող է ծառայել հայ մանկավարժներին: Աշխատության ռուսական տարբերակն էլ դրվելու է ռուսական դպրոցներում ուսումնական գործընթացի հիմքում: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը շեշտում է՝ այս առումով մեզ համար ուսանելի է հրեաների ցեղասպանության՝ Հոլոքոստի մասին իրազեկման ու դասավանդման փորձը. «Որովհետեւ իրենք դպրոցներում վաղուց են դասավանդում, ունեն այն մեթոդաբանությունը, ինչի ուսումնասիրությունը կարեւոր է Հայոց ցեղասպանության թեմայի դասավանդման առումով»:

Հայերի ու հրեաների ջարդերը սերտորեն կապակցված են միմյանց հետ: Եթե աշխարհը ժամանակին ու ճիշտ ձեւով ճանաչեր ու դատապարտեր Հայոց ցեղասպանությունը, ապա հնարավոր կլիներ կանխել ավելի ուշ իրագործված Հոլոքոստը: Պատմությունը փաստում է՝ Հիտլերը Լեհաստան մտնելիս հայտարարել էր՝ ոչնչացրեք բոլորին, ով է այսօր հիշում հայերին, այսինքն՝ դեռ այն ժամանակ նոր Ցեղասպանություն իրականացնողները հասկանում էին, որ կարող են այս անգամ էլ անպատիժ մնալ:

Բայց այսօր աշխարհը ճանաչել է Հոլոքոստը, դատապարտել ոճիրն իրագործողներին, իսկ Հայոց ցեղասպանության վերջնական ճանաչմանը մենք դեռ սպասում ենք: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյան. «Կապերը եւ նմանությունները բազմաթիվ են, մենք ուզում ենք դա նաեւ դնենք գիտական շրջանառության մեջ, որովհետեւ ակադեմիական մակարդակում Հոլոքոստը ընդունված ճանաչված է եւ գիտական շրջանառության մեջ շատ ակտիվորեն մտած թեմա է: Եւ այս առումով մենք Հայոց ցեղասպանությունն ու Հոլոքոստը միմյանց հետ համեմատության մեջ դնելով նաեւ գիտական դաշտ ենք մտցնում Հայոց ցեղասպանության թեման՝ ավելի ամուր հիմքերով, ավելի բարձր ձայնով»:

Մոսկվայում Հոլոքոստի մասին իրազեկող շատ լայն հարթակներ կան՝ դահլիճներ, տասնյակ հաստատություններ: Հոլոքոստի հիմնադրամի հետ պայմանավորվածությունների շրջանակում եկող տարի բոլոր այս հաստատություններում եւս կանցկացվեն Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցադրություններ, սեմինարներ, դասախոսություններ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը շեշտում է՝ Հոլոքոստի հիմնադրամի հետ աշխատանքներ են տարվում նաեւ ռուսական դասագրքերում Հայոց ցեղասպանության հիշատակման ուղղությամբ: Երբ դա կհաջողվի, դժվար է  ասել:

«Պետք է աշխատենք, որպեսզի ռուսական դպրոցների դասագրքերում համաշխարհային պատմության շրջանակներում անպայման հայտնվի Հայոց ցեղասպանության թեման»:

Հայկական կողմում համոզված են՝ մենք՝ հայերս, որպես Ցեղասպանություն ապրածներ, պետք է հասկանանք ուրիշի ցավը: Այդ դեպքում ինչու հրեաները մինչ այժմ պաշտոնապես չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը՝ հենց այդպիսով իրենք էլ իրենց հերթին կիսելու մեր վիշտը: Սուրեն Մանուկյանը հարցին մեկ այլ կողմից է մոտենում, ասում է՝ մեր կողմից նման նախաձեռնությունները մեզ նոր իրավունքներ են տալիս:

 

«Սա մեզ նաեւ իրավունք է տալիս իրենցից պահանջել, մենք անում ենք եւ իրենցից պահանջելու իրավունք ենք ստանում, այլապես մեր պահանջները հիմք չեն ունենա»:

Ցուցադրել ավելի
Back to top button