Հասարակություն

Ճանապարհորդություն դեպի Հայաստան և Արցախ՝ 3D ձևաչափով

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր» 

Ճանապարհորդություն դեպի Հայաստան և Արցախ՝ 3D ձևաչափով: «Հայկական գանձեր» ինտերակտիվ նախագծի ղեկավար Էմիլ Ստեփանյանն ու նախագծի գաղափարի հեղինակ Վլադիմիր Սոֆյանն այսօր ներկայացրել են իրենց նախագիծը, որը հնարավորություն է տալիս նորովի ծանոթանալու հայկական պատմաճարտարապետական հուշարձաններին , բացահայտելու հայկական մշակույթի գանձերը:

«Արագ զարգացող շուկայում հայկական պատմությունն ու մշակույթը պատշաճ ներկայացված չեն: Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը ճանաչվի որպես թանգարան բաց երկնքի տակ»: Ինտերակտիվ նոր նախագծի ղեկավար Էմիլ Ստեփանյանի ձևակերպած այս ցանկությունից էլ ծնվել է «Հայկական գանձեր» նախագիծը: Այն իրենից ներկայացնում է 3D ձևաչափով վիրտուալ ճանապարհորությունների շարք դեպի Արցախի ու Հայաստանի պատմաճարտարապետական հուշարձաններ:

«Հայկական գանձեր» նախագիծն արդեն  ներբեռնել են հազարավոր մարդիկ: Դրական արձագանքները բազմաթիվ են: Գաղափարի հեղինակ Վլադիմիր Սոֆյանն ասում է, որ շատերը Հայաստան գալու ցանկություն են հայտնել անգամ: Նախագիծը ոգևորությամբ են ընդունել նաև շահագրգիռ մի քանի նախարարություններ, որոնք  խոստեցել են օժանդակել նախագծի տարածման հարցում:

Հայկական գանձերի մեծ մասը նախագծում դեռ ներառված չեն, քանի որ ծրագրի ընդլայնման համար ֆինանսներ են անհրաժեշտ: Ըստ նախագծի հեղինակների՝ այդ նպատակով գուցեև հեռուստամարաթոն կազմակերպեն: Հավելենք, որ Տաթևի վանական համալիրի վերբեռնումն անվճար է: Վիրտուալ ճանապարհորդությունները դեպի մյուս հուշարձաններ վճարովի են:

Ցուցադրել ավելի
Back to top button