Տնտեսական

Հովիկ Աբրահամյան.«Կառավարությունը շարունակելու է պետական աջակցություն ցուցաբերել գյուղատնտեսության զարգացմանը»

ԵՏՄ Հայաստանի անդամակցությունը նոր հորիզոններ է բացում գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալների մեծացման համար, «Հայագրոֆորում» ամենամյա համաժողովի ժամանակ հայտարարել է  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այդ համատեքստում վարչապետն անհրաժեշտ է համարում ազգային գյուղատնտեսական շուկայի ենթակառուցվածքների շուտափույթ արդիականացումը, միջազգային չափորոշիչներին համապատասխան ապրանքատեսակների որակի ապահովումը:

 «Այսօր, ավելի քան երբևէ, Հայաստանում բարենպաստ պայմաններ են ստեղծված գյուղատնտեսության զարգացման համար: Ծանոթ լինելով գյուղացու հոգսերին և խնդիրներին և գիտակցելով մրցունակ գյուղատնտեսության դերը երկրի առաջընթացի գործում՝ ՀՀ կառավարությունը հետևողական քայլեր է ձեռնարկելու գյուղական վայրերի սոցիալական խնդիրների լուծման և գյուղատնտեսական ոլորտի արդիականացման ուղղությամբ:  Վստահ եմ, որ աստիճանաբար բարելավվելու է նաև կյանքի մակարդակը: ՀՀ կառավարության մոտեցումն այն է, որ ագրարային ոլորտում լուրջ ռազմավարական բարեփոխումները պետք է ապահովեն առավել բարենպաստ պայմաններ յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտի զարգացման համար»:

Հավելենք, որ Գյուղատնտեսության բնագավառում ներդրած ավանդի և գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ Հովիկ Աբրահամյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրել և շնորհակալագրով խրախուսել ոլորտի մի խումբ ներկայացուցիչների: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն էլ իր հերթին է պարգևատրել ինչպես ոլորտի ներկայացուցիչներին, այնպես էլ ոլորտի հիմնախնդիրները լուսաբանող ԶԼՄ ներկայացուցիչներին: Շնորհակալագրի է արժանացել նաեւ «Ռադիոլուր» -ի մեր գործընկեր Հասմիկ Դիլանյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button