Հասարակություն

Հայաստանում հասարակությունը չի ձգտում պայքարել կոռուպցիայի դեմ. Վարուժան Հոկտանյան

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի դեռևս վերջին՝ 2013-ի տվյալները մի ուշագրով միտում են արձանագրում: Պարզվում է հայաստանյան հասարակությունն աշխարհում կոռուպցիան ամենահադուրժողներից մեկն է: Պատրա՞ստ եք պայքարել կոռուպցիայի դեմ հարցին տրված պատասխաններով՝ Հայաստանի ցուցանիշը 107 երկրների մեջ վերջինն է: «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն  կենտրոնի ղեկավարը հայաստանյան կոռուպցիոն իրավիճակի սա ամենամտահոգիչ ցուցանիշն է համարում:  

 

Դեռ 2008 թ. -ից գլխավոր դատախազի հրամանով սահմանվել, իսկ 2013-ին լրամշակվել է  Քրեական օրենսգրքի մոտ երեք տասնյակ  հոդվածների ցանկը, որոնց հատկանիշներով կատարված արարքները բնութագրվում են որպես կոռուպցիոն հանցագործություններ:  2009-ից այդ վիճակագրորթյունն ամփոփվում ու ներկայացվում է:  Վիճակագրությունը համահունչ չէ  հանրության ընկալումներին, նաև համադրելի չէ  մամուլի  հրապարակումներին ՝ ասում է Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:

« Նախ՝ զուտ կարգավիճակի առումով. ակնհայտ է, որ շատ ավելի բարձրաստիճան պաշտոնյաների՝ կոռուպցիոն գործարքներում ներգրավվավծության մասին է խոսվում, բայց ըստ վիճակագրության՝ պատասխանատվության ենթարկվում են ցածր մակարդակի պաշտոնյաները: Այսինքն, տուժում են փոքր ձկները, մեծ ձկներին  հանգիստ են թողնում: Համդրելի չէ  ոչ միայն որակը, այլ նաև քանակը»:

Վարուժան Հոկտանյանն ընդգծում է սակայն, որ կոռուպցիայի մակարդակը չափել բացահայտված հանցագործությունների թվով հնարավոր չէ ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում, որովհետև. «Մենք չգիտենք, թե որ մասն է բացահայտվում: Բայց կոռուպցիայի ընկալումը դիտարկելով կարող ենք ասել, որ այնքան էլ մեծ մասը չի բացահայտվում, քանի որ ընկալման այն ցուցանիշները, որ մենք ունենք, սովորաբար նշանակում է, որ շատ հանցագործություններ մնում են չբացահայտված»:

Ի դեպ, 2013-ի արդյունքներով՝ Հայաստանը 2 միավորով բարելավել էր իր ցուցանիշը. նախորդ տարվա 34-ի փոխարեն այս տարի կոռուպցիայի ընկալման համաթիվը 36 է:  Այս արդյունքով Հայաստանը տարածշրջանում զիջում է Վրաստանին ու Թուրքիային, իսկ Ադրբեջանն ու Իրանը Հայաստանից  առայժմ հետ են մնում: Իրավիճակը չի վատացել, բայց չի էլ լավացել՝ միտումն այսպես է բնութագրում հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավարը:

Իսկ վիճակագրության հետ կապված երրորդ խնդիրը Վարուժան Հոկտանյանը տեսնում է կոռուպցիոն հանցագործությունների դասակարգման կամ տեսակների մեջ: Կոռուպցիոն հանցագործությունների ամենատարածված տեսակն, ըստ վիճակագրության, կաշառակերությունն է : Գուցե դա այդպես է, բայց. «Դժբախտաբար կան նաև այլ տեսակի հանցագործություններ, որոնք շատ ավելի վտանգավոր են: Օրինակ, պետբյուջեի միջոցների վատնում կամ հանցագոչծության մի տեսակ, որը մենք սահմանել ենք՝ելնելով միջազգային պարտավորություններից, ասենք ՝ ազդեցության չարաշահում: Ըստ վիճակագրության՝ այս հանցագործությունները մեզանում կամ չկան կամ շատ քիչ են: Բայց որ իրականում այդպես է, ես խորապես կասկածում եմ»:

Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի առայժմ  վերջին՝ 2013-ի տվյալները մի ուշագրով միտում էլ  են արձանագրում: Պարզվում է հայաստանյան հասարակությունն աշխարհում կոռուպցիան ամենահադուրժողներից մեկն է: Պատրա՞ստ եք պայքարել կոռուպցիայի դեմ հարցին տրված պատասխաններով՝ Հայաստանի ցուցանիշը 107  երկրների մեջ վերջինն է:  Հայաստանը նաև միակ երկիրն է, որտեղ հասարակության կեսից պակասն է պատրաստակամություն հայտնել կոռուպցիայի դեմ այս կամ այն կերպ պայքարելու:

«Սա ուղղակի ցնցող էր: Մենք գիտեինք, որ հասարակությունը Հայաստանում առանձնապես չի ձգտում պայքարել կոռուպցիայի դեմ, բայց որ 107 երկրների շարքում վերջինն է լինելու, սա մեզ համար տխուր  բացահայտում էր»:

Մյուս տխուր բացահայտումը կոռուպցիայի մասին հաղորդում տալու պատրաստակամությանն է վերաբերում: Կոռուպցիոն դեպքի մասին կհաղորդեիք համապատասխան կառույցներին կամ խնդրով զբաղվող  հասարակական կազմակերպություններին հարցին՝ Հայաստանում հարցվածների մոտ 70 տոկոսը բացասական պատասխան է տվել: Գրեթե նույնքանն էլ տեսակետ է հայտնել, որ ինքն անձամբ ոչինչ չի կարող փոխել կոռուպցիայի դեմ պայքարի գործում:

Ցուցադրել ավելի
Back to top button