Արմեն Աղայան.«Իշխանափոխությունից առաջ նախ պետք է փոխվի ընդդիմությունը»


Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
Հայաստանի` ԵՏՄ անդամակցությունը բացարձակ մերժելի իրողություն է, և մեր երկիրը չպետք է անդամակցի մի նախագծի, որը շատ նման է նոր ԽՍՀՄ ձևավորելուն: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ասել է «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Աղայանը: «Հայազն» կուսակցության անդամի համոզմամբ` Սերժ Սարգսյանը ցանկանում է սահմանադրական բարեփոխումների միջոցով վերարտադրվել կամ իշխանությունը փոխանցել իր մարդկանց: Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ, ըստ Արմեն Աղայանի՝ փորձում է փրկել իր կողմից ժողովրդի վզին փաթաթված Սահմանադրությունը»:
Իշխանափոխությունն այսօր առաջնային խնդիր է, իսկ դրա իրականացման համար նախ պետք է փոխվի ընդդիմությունը, ասում է «Հայազն» կուսակության անդամ անդամ Արմեն Աղայանը: Վերջինս դեմ է, որ Հայաստանը անդամակցի և Մաքասային միությունը ու Եվրամիությանը, քանի որ ըստ նրա՝ անդամակցելով որևէ միավորի մեր երկիրը կորցնում է իր ինքնիշխանությունը:
Կուսակցության անդամը դեմ է նաև Սերժ Սարգսյանի վարչակարգին դեմ, ընդդիմություն ներկայացող եռյակին: Նրանց կողմից իրականացվող գործընթացները պարզապես համարում է նախընտրական քարոզարշավի սկիզբ:
«Ընթացող գործընթացները ներկայացնել ,որպես համաժողովրդական ալիքի դրսևորում, բոլորին պարտավորեցնել մասնակցել այդ շարժմանը, իսկ չմասնակցողներին էլ համարել դավաճաններ, ուղղակի անլուրջ է»:
Արմեն Աղայանն ասում է, որ 1988 թ-ին տեղի ունեցած ու այսօրվա տեղի ունեցող հանրահավաքները բովանդակային առումով էապես տարբերվում են միմյանցից: Այդ տարիներին մարդիկ անհատապես էին գալիս հրապարակ, մասնակցելու համազգային մի գործի, իսկ հիմա գալիս են շարքերով ու ինչ որ դրոշակներ բռնած: