ԿարևորՔաղաքական

Սահմանադրական բարեփոխումների շուրջ վերջնական որոշումը՝ 2015- ի փետրվար- մարտին

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ ՀՀ նախագահի վերջնական որոշումը, ամենայն հավանականությամբ,  հայտնի կլինի 2015-ի թվականի փետրվար- մարտ ամիսներին, tert.am- ին հայտնել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը։  Նա նշել է, որ հայեցակարգում արծարծված որոշ հիմնահարցեր ունեն ընդգծված քաղաքական բաղադրիչ, դրանց կապակցությամբ ակնկալվում են լրացուցիչ քաղաքական քննարկումներ և քաղաքական ավելի մեծ կոնսոլիդացիա։

+++

Tert. Պարո՛ն Սաղաթելյան, հայտնի է, որ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը հոկտեմբերի 15-ին ՀՀ նախագահի աշխատակազմ է ուղարկել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Որո՞նք են լինելու գործընթացի հետագա քայլերը:

– Այո՛, ՀՀ hախագահի աշխատակազմը ստացել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ստեղծումից մինչ օրս կատարվել է մեծածավալ ու հիմնարար աշխատանք, ինչի համար հանրապետության նախագահն իր շնորհակալությունն է հայտնել հանձնաժողովին: Նախագահը բարձր է գնահատում նաև հայեցակարգի նախագծի հանրային քննարկումները կազմակերպելու և անցկացնելու կապակցությամբ հանձնաժողովի ձեռնարկած ջանքերը:

Մենք շնորհակալ ենք նաև բոլոր այն հասարակական-քաղաքական գործիչներին ու կազմակերպություններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, մասնագիտական կառույցներին ու մասնագետներին, որոնք ակտիվ և արդյունավետ մասնակցություն են ունեցել կարևորագույն այս գործընթացին:

Այսօր մենք ունենք նաև Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությունը, ըստ որի՝ հայեցակարգը «հիմնված է Հայաստանի իրավիճակի համապարփակ իրավական վերլուծության վրա», իսկ «բարեփոխումների նպատակները արժանի են լիակատար աջակցության, քանի որ դրանք ամբողջովին ուղղված են Եվրոպայի խորհրդի արժեքների իրացմանը»: Վենետիկի հանձնաժողովը փաստել է, որ հայեցակարգում արտահայտված իրավական դիրքորոշումները համապատասխանում են իր ավանդական դիրքորոշումներին և հատուկ շեշտել, որ սահմանադրական հանձնաժողովի անդամերի հետ հանդիպումների ընթացքում Վենետիկի հանձնաժողովի զեկուցողների արտահայտած տեսակետները հաշվի են առնվել, իսկ հայեցակարգի նախագիծը բարեփոխումների հնարավորություն է ընձեռում, որը չպետք է բացթողնել:

Ինչ վերաբերում է հետագա քայլերին, ապա դրանք կանխորոշված են ՀՀ նախագահի 2013թ. սեպտեմերի 4-ի հրամանագրով: Հանրապետության նախագահը լուծելու է հայեցակարգին հավանություն տալու կամ այն մերժելու հարցը: Ընդ որում, դրա համար որոշակի ժամկետներ սահմանված չեն:

Միևնույն ժամանակ, նկատի ունենալով, որ հայեցակարգում արծարծված որոշ հիմնահարցեր ունեն ընդգծված քաղաքական բաղադրիչ, դրանց կապակցությամբ ակնկալվում են լրացուցիչ քաղաքական քննարկումներ և քաղաքական ավելի մեծ կոնսոլիդացիա: Ուստի, հայեցակարգի վերաբերյալ ՀՀ նախագահի վերջնական դիրքորոշումը, ըստ ամենայնի, հայտնի կլինի 2015 թվականի փետրվար-մարտ ամիսների ընթացքում:

Back to top button