Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հոբելյանական հյուրախաղերով Թբիլիսիիում է


Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»
Թբիլիսի
Այս օրերին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հոբելյանական հյուրախաղերով հանդես է գալիս Թբիլիսիիում: Այն նվիրված է Վանաձորի և Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական թատրոնների ստեղծագործական բարեկամության 50-ամյակին: Քանի որ Թբիլիսիի հայկական թատրոնի շենքն այս պահին չի գործում վթարային լինելու պատճառով, ներկայացումները ցուցադրվում են Թբիլիսիի Ա. Գրիբոյեդովի անվան ռուսական դրամատիկական թատրոնի շենքում:
Ուղիղ հիսուն տարի առաջ` 1964թ «աբելյանցիները» (Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն) առաջին անգամ հյուրախաղերով եղան Թիֆլիսում, իսկ ադամյանցիները` (Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական թատրոն-այն ժամանակ Շահումյանի անվան) Վանաձորում: Դրանից հետո պարբերաբար փոխադարձ հյուրախաղեր են լինում: Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը հիշում է, ինքը դեռ դպրոցը չէր ավարտել, երբ խմբի հետ առաջին անգամ հյուրախաղերով եղավ Թիֆլիսում:
«Այդ հյուրախաղերը հիմք հանդիսացան, որ երկու թատերախմբերը շատ սերտ ստեղծագործական ու բարեկամական կապեր հսատատեցին»:
Աբելյանցիները վիրահայ հանդիսատեսին են ներկայացնում երեք ներկայացում` Վ. Շեքսպիրի «Լիր արքա», Ա. Բայանդուրյանի Աշնանային մայրամուտը և Ալ. Շիրվանզադեի «Չար ոգին»: Այս երեք ներկայացումներն էլ ըստ Աբելյանի անվան թատրոնի գրական մասի վարիչ, թատերագիր Լևոն Մութաֆյանի, խորհրդանշական են, որովհետև կապված են Թբիլիսիի հայկական թատրոնի հետ:
«Այս երեք ներկյացումներն էլ հայ բեմում առաջին անգամ բեմադրվել են Թիֆլիսում` Շիրվանզադեի «Չար ոգին»`1912 թ, Շեքսպիրի «Արքա լիրը»` 1889թ, իսկ Արմեն Բայանդուրյանի (Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան պետական հայկական թատրոնի գեղ ղեկավար) «Աշնանային Իրիկնամուտը» գրվել է Թբիլիսիիում, առաջին անգամ բեմադրվել է Թբիլիսիի հայկական թատրոնում»:
Ըստ թատերագրի, հայկական բոլոր թատրոնների համար առաջնային խնդիր է հանդես գալ վիրահայության առջև, նպաստել լեզվապահպանությանն ու հայ-վրացական թատերական կապերի ամրապդմանը:
Հայկական այս երկու թատրոնների գեղարվեստական ղեկավարները վստահ են, որ այդ բարեկամությունը երկար կշարունակվի: Առավել եւս, որ Հայաստանի մշակությի նախարարության աջակցությամբ հայաստանյան բեմադրիչներն այսուհետ հնարավորություն կունենան Թբիլիսիիում ներկայացումներ անել: Վահե Շահվերդյանը նույնպես պատրաստվում է մոտ ապագայում հանդես գալ իր ներկայացմամբ: