Հասարակություն

Կայացել է «Հայաստանի հանրային դիվանագիտության հեռանկարները» թեմայով սեմինար-քննարկում

ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցը երեկ կազմակերպել է «Հայաստանի հանրային դիվանագիտության հեռանկարները» թեմայով սեմինար-քննարկում: Ողջույնի խոսքով հանդես են եկել Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը և Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Սեմինարի բանախոսներն են եղել Մալթայում և Ժնևում «DiploFoundation»-ի հանրային դիվանագիտության դասախոս, Միացյալ Թագավորության նախկին դիվանագետ Էլիզաբեթ Գալվեզը, Վիեննայի դիվանագիտական ակադեմիայի, Ինսբրուքի Մենեջմենթի կենտրոնի դասախոս, հաղորդակցության հմտությունների գծով անկախ խորհրդատու և Ավստրիայի նախկին դիվանագետ Գերլինդ Մանց-Քրիստը, ՀՀ ԱԳ նախարարության մամլո քարտուղար Տիգրան Բալայանը, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը և «GK Brand Inc.» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Վազգեն Քալաջյանը:

Հանդիպման նպատակն է եղել փորձագիտական մակարդակով քննարկել հանրային դիվանագիտության` որպես դիվանագիտության առանցքային գործառույթներից մեկի դերը, դրսևորման և զարգացման ներկա միտումները և այլ երկրների փորձի լույսով անդրադառնալ Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող համապատասխան ռազմավարությանն ու կիրառվող մեթոդներին, ըստ անհրաժեշտության նաև ներկայացնել Հայաստանի ազգային բրենդի ստեղծման նոր առաջարկներ և գաղափարներ: Բանախոսների ելույթներին հաջորդել են հարցեր, ելույթներ մասնակիցների կողմից, ծավալվել է քննարկում:

Հանդիպմանը, որ կազմակերպվել էր Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության աջակցությամբ, մասնակցել են  ՀՀ արտաքին գործերի նախարարության, ինչպես նաև ՀՀ այլ գերատեսչությունների արտաքին կապերի վարչությունների ղեկավարներ և աշխատակիցներ, բարձրագույն ուսումնական հաստատությունների, վերլուծական կենտրոնների, հասարակակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և փորձագետներ:

 

Ցուցադրել ավելի
Back to top button