Ի՞նչ է հայկական կողմն ակնկալում փարիզյան հանդիպումից


Աննա Նազարյան
«Ռադիոլուր»
Նախարար Նալբանդյանը, անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հայտարարություններին, նշել է, որ ադրբեջանական կողմը, ցանկալին իրականության տեղ մատուցելով, մտացածին հայտարարություններ է անում, թե իբր համանախագահների կողմից առաջարկվել է փորձագետների մակարդակով բանակցություններ սկսել կարգավորման՝ Բաքվի համար նախընտրելի տարրերի շուրջ:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, թե վերոհիշյալը փաստում է, որ Փարիզում կայանալիք հանդիպումից առաջ Ադրբեջանը ևս մեկ անգամ ցույց է տալիս իր անլուրջ մոտեցումը:
Արցախի նախագահի Մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը Ռադիոլուրի հետ հեռախոսազրույցում վերլուծելով Մամեդյարովի հայտարարությունները թե իբր միջնորդները կառուցվածքային առաջարկներով են ժամանել տարածաշրջան, նշեց, որ բազմաթիվ կառուցողական առաջարկներ հենց Երևանն է ներկայացրել, սակայն դրանք մնում են լուսանցքից դուրս, քանի որ պաշտոնական Բաքուն պատրաստ չէ խնդրի խաղաղ կարգավորմանը.
«Օրինակ առաջարկել ենք, որ չկրակեն դիպուկահարները, հետ քաշեն նրանց, բայց Բաքուն միշտ մերժում է: Ինչ վերաբերում է նոր առաջարկներին, ապա եթե նրանք արմատապես փոխել են իրենց մոտեցումը և պատրաստ են ճանաչել Արցախի անկախությունը և բանակցային սեղանի շուրջ նստել Արցախի հետ, ապա դա իրապես մեծ առաջընթաց կլինի: Իհարկե այդ հայտարարությունները անմիջական կապ ունեն Ադրբեջանի ներքաղաքական զարգացումների հետ»:
Կանխազգալով վտանգը Բաքուն փորձում է Ադրբեջանի հանրության ուշադրությունը շեղել ներքաղաքական հարցերից ու նոր շեշտադրումներով փորձում է ցույց տալ սեփական ժողովրդին, որ ավելի կարևոր է ղարաբաղյան խնդիրն այս պահին:
Նման պայմաններում ի՞նչ կարող է ակնկալել հայկական կողմը փարիզյան հանդիպումից: Դավիթ Բաբայանի կարծիքով նախագահների հանդիպումներն անշուշտ կարևոր են հենց միայն խաղաղության ու կայունության պահմանման համար: