Միջազգային

Թուրքիան ձախողել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելու հարցում

Նախօրեին ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովում տեղի ունեցած գաղտնի քվեարկության երրորդ փուլի արդյունքներով «Արևմտյան Եվրոպա և այլ պետություններ» խմբից ՄԱԿ- ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ է ընտրվել Իսպանիան: Այս մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ» գործակալությունը, նշելով, որ քվերակության ընթացքում Իսպանիայի օգտին է քվերակել 193 երկրից 132-ը՝ անհրաժեշտ 128-ի փոխարեն:

Անվտանգության խորհրդում տեղ զբաղեցնելու մրցակից երկիր՝ Թուրքիան ձախողել է, ստանալով պետությունների ներկայացուցիչների ընդամենը 60 քվե:

Ավելի վաղ Անվտանգության խորհրդում 2015-2016 թթ-ին տեղ զբաղեցնելու համար ոչ մշտական անդամներ էին ընտրվել Անգոլան, Վենեսուելան, Մալազիան և Նոր Զելանդիան: Նոր ընտրված պետությունները փոխարինելու են Ավստրալիային, Արգենտինային, Լյուքսեմբուրգին, Կորեային և Ռուանդային:

ՄԱԿ ԱԽ նոր ոչ մշտական անդամներն իրենց աշխատանքը սկսելու են հունվարի 1-ից:

1963 թ-ից գործող մեխանիզմի համաձայն, Անվտանգության խորհուրդը կազմված է 15 անդամ պետություններից, որոնցից 5-ը մշտական ներկայացուցիչներ են (ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա), 10-ը՝ ոչ մշատական և ընտրվում են երկու տարի ժամկետով: Գլխավոր Վեհաժողովն ամեն տարի գաղտնի քվեարկությամբ ընտրում է հինգ ոչ մշտական անդամների:

Ցուցադրել ավելի
Back to top button