Հասարակություն

Վերին Կարմիրաղբյուրին սահմանամերձ համայնքի կարգավիճակ է տրվել

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Այսօր պաշտոնապես հայտարարվել է, որ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել փոխվարչապետ,  տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: Պաշտոնական հաղորդագրությունը կառավարության նիստի վերջում լրագրողներին է փոխանցել վարչապետ Հովիկ աբրահամյանը: Սա՝ օրակարգից դուրս: Օրակարգային հարցերն այս շաբաթ էլ հանրության համար պակաս կարևորություն ու հետաքրքրություն  չեն ներկայացրել: Օրինակ, որոշումներից մեկով սահմանամերձ համայնքի կարգավիճակ է տրվել Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր համայնքին,  այս տարվա ձմեռային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու հանրապետական զորակոչային հանձնաժողով է ստեղծվել: Այս հինգշաբթին էլ կառավարության շենքի առջևում խաղաղ չանցավ: Մի քանի րոպեով Տիգրան Մեծ ու Նախբանդյան փողոցները փակեցին հանրային 33-րդ թաղամասի ու Եկմալյանի փողոցի բանկիչները, հիշեցնենք, նրանք տարիներ  շարունակ պայքարում են սեփական տանիք ունենալու համար:

 

Կառավարությունն այսօր որոշեց՝   Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր համայնքն այսուհետ դասվելու է սահմանամերձ գյուղերի շարքին: Ուստի և այս համայնքին պատկանող հողատարածքների սեփականատերերը, որոնց հողամասերը գտնվում են ադրբեջանական հենակատերի մշտական թիրախում,  այսուհետ կօգտվեն հողի հարկի վճարման և ոռոգման ջրի դիմաց 50 տոկոս զեղչ կիրառելու կառավարության որոշումից, այդ նպատակով համայնքին լրացուցիչ  շուրջ 3 մլն 257 հազար դրամ հատկացվեց: Կրթության գերազանցության ազգային ծրագրի մեկնարկային առաջին փուլի աշխատանքները կազմակերելու համար ԿԳՆ-ին 213 միլիոն 838 հազար դրամ հատկացվեց:

Ծրագրի արդյունքում, հիշեցնեմ,  մեկ տասնամյակի ընթացքում ակնկալվում է  հավաստագրել շուրջ 2 հազար միջազգային որակավորման ուսուցչի: Նրանք կդառնան փոփոխություններ իրականացնողներ, կստեղծեն դպրոցներում դասավանդման նորագույն մոտեցումների տարածումը խթանող ցանց:

Սա ֆինանսական միակ հատկացումը չէր: Բարձրագույն ուսումնական հաստատությունների սոցիալապես անապահով և սահմանամերձ համայնքների ուսանողներին կրթաթոշակներ հատկացնելու նպատակով կառավարությունը նվիրաբերության պայմանագրով Հայաստանի երիտասարդական հիմնադրամին տրամադրելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացրեց 140 միլիոն դրամ: Ի դեպ, սահմանամերձ համայնքների ուսանողներն այս տարի առաջին անգամ են ծրագրին մասնակցելու և ինչպես վարչապետի խոսքից պարզ դարձավ, փոխհատուցում կստանան բոլոր դիմողները:

ԿԳՆ Արմեն Աշոտյան.«Խոսքը մի ավանդական ծրագրի մասին է, որի շրջանակներում կառավարության կողմից սոցիապալես անապահով առաջին, երկրորդ կուրսերի ուսանողները, սիրիահայ ուսանողներն ու այս տարի առաջին անգամ  որոշ սահմանամերձ համայնքների ուսանողները կարող են դիմել մրցութային կարգով ուսման վարձի փոխհատուցում կամ կրթաթոշակ ստանալու համար: Մենք պյամանավորվել էինք, որ սահմանամերձ համայնքներից դիմող բոլոր ուսանողներին պետք է օգնենք»:

Ցուցադրել ավելի
Back to top button