Քաղաքական

Սպիտակ տունը Թուրքիային կոչ է արել «ճանաչել անցյալի ցավոտ դրվագները»

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Սպիտակ տան պաշտոնյաները պարբերաբար որպես պատմական փաստ են ճանաչել և սգացել Օսմանյան կայսրության վերջին օրերին իրականացված հայերի սպանդն ու մահվան երթը: Այս մասին տեղեկացնում է «Ասբարեզ»պարբերականը` հղում անելով խմբագրություն ուղարկված Օբամայի վարչակազմի աշխատակիցներից մեկի նամակին:

«Նախագահը և վարչակազմի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ բազմիցս ճանաչել ու սգացել են Օսմանյան կայսրության կողմից 1,5 միլիոն հայերի բնաջնջման փաստը: Նրանք պարբերաբար հայտարարում են, որ լիարժեք, անկեղծ և արդար ճանաչումը մեր բոլորի` Թուրքիայի, Հայաստանի և Ամերիկայի շահերից է բխում: Այս ոլորտում Սպիտակ տան աշխատակազմի աշխատանքի կարևոր սկզբունքներից մեկն այն է, որ ազգերն ավելի են ուժեղանում իրեց անցյալի ցավոտ դրվագները ճանաչելով ու դրա հետ հաշվի նստելով: Այդ ամենը շատ կարևոր է առավել արդար և հանդուրժող ապագայի հիմքեր կառուցելու համար»,- իր նամակում նշել է պաշտոնյան:

Նկատենք, որ Սպիտակ տան ներկայացուցիչը նամակն ուղարկել է այն բանից հետո, երբ կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարել է, որ նոյեմբեր ամսին Սպիտակ տան այցելուների կենտրոնում ցուցադրվելու է «Հայեց ցեղասպանության որբերի գորգը»:

Ցուցադրության հետ կապված ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է, որ եթե Սպիտակ տանը գորգի ցուցադրությունը միտված է իրական առաջընթաց գրանցել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում, ապա ԱՄՆ նախագահը պետք է անկաշկանդ և պարզորոշ խոսի դեռևս անպատիժ հանցագործության մասին: Իսկ եթե այն կլինի ևս մեկ «ցինիկ ներկայացում», ապա դա կնշանակի, որ ԱՄՆ շարունակում է ի կատար ածել Թուրքիայի մերժողական քաղաքականությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button