Ոչ թե ավելացնել գյուղատնտեսական տարածքները, այլ դրանք զարգացնել նոր տեխնոլոգիաներով


Գյուղատնտեսության բնագավառում համաշխարհային զարգացումներն ունեն ոչ թե գյուղատնտեսական տարածքների ավելացման, այլ դրանց կայուն զարգացման, խնայողատար տեխնոլոգիաների կիրառման միտումներ, այսօր Երեւանում հայտարարել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանԵվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցչի տեղակալ, Հայաստանի Հանրապետությունում կազմակերպության ներկայացուցիչ Անտոնիո Ալոնզին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ հանդիպման ընթացքում։ Նա նշել է, որ Հայաստանում գյուղատնտեսության վարման գործը համընկնում է այդ չափանիշներին: ՄԱԿ- ի պաշտոնյան նաև տեղեկացրել է, որ պարենի և գյուղատնտեսության կազմակերպության առաջիկա ռազմավարական ուղղությունը գյուղական վայրերի զարգացումն է, զբաղվածության աստիճանի ու եկամուտների բարձրացումը:
Նախարար Սերգո Կարապետյանը համառոտ ներկայացրել է Հայաստանում գյուղատնտեսության բնագավառի ներկա վիճակը և համոզմունք հայտնել, որ տարեվերջին ոլորտում կգրանցվեն բարձր ցուցանիշներ: Նախարարը նաև շեշտել է, որ դրան նպաստել են նաև հանրապետությունում ՄԱԿ- ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերը:
Անտոնիո Ալոնզին գոհունակություն է հայտնել Հայաստանում ընթացող ծրագրերի հաջողության ու արդյունավետության վերաբերյալ` շեշտելով, որ նա դիտում է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը որպես գործընկերության լավագույն օրինակ: