Հայաստանում բացվել է հայ- լեհական ռազմարդյունաբերական ձեռնարկություն


Այսօր բացվել է «Լյուբավա-Արմենիա» հայ-լեհական առաջին համատեղ ռազմարդյունաբերական ձեռնարկությունը։ Արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, Լեհաստանի Սենատի անդամ, ազգային պաշտպանության նախկին նախարար Բոգդան Կլիխը և բարձրաստիճան այլ հյուրեր:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդգթել է, որ ռազմական արդյունաբերության ոլորտում հայ-լեհական համագործակցության պատմության մեջ նոր էջ է բացվում։ Նա վստահություն է հայտնել, որ «Լյուբավա-Արմենիան» կարճ ժամանակահատվածում կընդլայնի իր արտադրությունը` դուրս գալով Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների և միջազգային այլ շուկաներ։
Չարենցավանի հաստոցաշինական գործարանի հենքի վրա ստեղծված «Լյուբավա-Արմենիա» հայ-լեհական առաջին համատեղ ռազմաարդյունաբերական ձեռնարկությունը զբաղվելու է ինչպես արտադրական օբյեկտների արդիականացմամբ և նորոգմամբ, այնպես էլ բազմաֆունկցիոնալ քողարկման արդի տեխնոլոգիաների արտադրությամբ` թողարկելով ռազմատեխնիկական նշանակության այնպիսի արտադրատեսակներ, ինչպիսիք են` կեղծ թիրախները, տեխնիկական և այլ վրանները, սաղավարտները, զրահաբաճկոնները, քողարկող ցանցերը և այլն։