Քաղաքական

Կորյուն Նահապետյան.«ՊՆ ոլորտի բյուջետային ֆինանսավորումը չի նվազել»

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Զենքի հայտնի վաճառքից բացի, ՌԴ-ը ՊՆ ոլորտում ադրբեջանական կողմի հետ վերջերս նոր համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերել: Մասնավորապես, պետք է կադրեր պատրաստի ադրբեջանական բանակի համար: Բացի այդ, Կասպից ծովի ավազանի բաժանման պայմանավորվածություններից հետո խոսվում է ինչ որ նոր ալյանսի մասին:

Այս ամենը հաշվի առնելով որքանո՞վ է հնարավոր Հայաստանի անվտանգության ապահովումը ԵՏՄ կազմում, այս հարցին այսօր պատասխանել է Աժ-ի Պաշտպանության, ԱԱ եւ ՆԳ հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Կորյուն Նահապետյանը:

«Ես չեմ կարծում, որ դա պետք է դիտարկենք որպես սպառնալիք: Իրականում մենք ունենք բավականին արդյունավետ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցություն Ռուսաստանի հետ: Ռուսաստանն էլ՝ ինքը, իր շահերից ելնելով համագործակցում է այլ երկրների հետ, այդ թվում նաեւ Ադրբեջանի հետ: Այլ բան է, որ մենք պետք է առավել ակտիվ եւ նոր ջանքեր գործադրենք մեր ռազմավարական գործընկերոջ հետ առավել մեծացնելու ռազմական եւ ռազմատեխնիկական բնագավառում մեր համագործակցության հնարավորությունները»:

Ի դեպ՝ վերջերս շատ է խոսվում, որ աստիճանաբար նվազում է ՊՆ ոլորտի բյուջետային ֆինանսավորումը: «Խոսակցությունները իրականությանը չեն համապատասխանում», -ասել է Կորյուր Նահապետյանը՝ բացատրելով, որ ի տարբերություն նախորդ տարիների պարզապես շեշտակի աճ չկա:

Լրագրողների հետ զրույցում Կորյուն Նահապետյանն ասել է, որ Սահմանադրական բարեփոխումների ընթացքում Խորհրդարանը փորձ է անելու հենց Սահմանադրությամբ ամրագրել Պաշտպանության եւ Ազգային անվտանգության ոլորտների վերահսկողական իրավունքները:

Ի դեպ՝ այսօր միջազգային քննարկում էր, իսկ վաղը խորհրդարանական լսումներ են կազմակերպվելու «Պաշտպանության ոլորտի բյուջեի պլանավորումը եւ ծախսերի արդյունավետ վերահսկողությունը» թեմայով: Կորյուն Նահապետյանը սա կարեւորում է հատկապես հաջորդ տարվա բյուջետային քննարկումներից առաջ: Ի դեպ՝ 2015-ի բյուջեի նախագիծն արդեն պատրաստ է եւ առաջիկայում կսկսվեն դրա քննարկումները:

Ցուցադրել ավելի
Back to top button