ՊաշտոնականՔաղաքական

ԼՂ հիմնախնդրի կարգավորման միակ հնարավոր ձևաչափը Մինսկի խումբն է

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերն այսօր համոզմունք են հայտնել, որ խաղաղ բանակցային ճանապարհով ԼՂ հիմնախնդրի կարգավորման միակ հնարավոր ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, հայտնում են նախագահի մամուլի գրասենյակից։

Հերբերտ Զալբերը ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը բարձր մակարդակով բանակցությունների անցկացմանն ու բոլոր այն գործնական քայլերին, որոնք կարող են ձևավորվել խաղաղ բանակցային գործընթացում և նպաստել հակամարտության հանգուցալուծմանը։

Սերժ Սարգսյանը շեշտել է, որ հարցի արդար կարգավորման առանցքը Ղարաբաղի ժողովրդի կողմից ազատ կամարտահայտության միջոցով սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքն է։

ԵՄ հատուկ ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին՝ այս փուլում բանակցությունների արդյունքների վերաբերյալ սպառիչ տեղեկությունների և որոշակի պարզաբանումների համար՝ նշելով, որ ստացած տեղեկությունները կզեկուցի ԵՄ անդամ պետություններին։

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև հոկտեմբերի վերջին Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ կայանալիք Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումից ակնկալիքների վերաբերյալ:

Ցուցադրել ավելի
Back to top button