Քաղաքական

Պարույր Հայրիկյանը չի բացառում, որ կրկին կմտնի նախագահական պայքարի մեջ

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Քարոզարշավի որոշ նշույլներ այսօրվա ներքաղաքական իրավիճակում նկատել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Նույնիսկ արդեն շրջանառության մեջ են դրվում խոսակցությունները, թե հաջորդ նախագահական ընտրություններում ինչ թեկնածուներ են լինելու: Այդ հարցին վերջերս, օրինակ՝ պատասխանել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, նույն քարոզարշավի շրջանակներում կարելի է դիտարկել նաեւ Պաշտպանության նախարարի ակտիվ հանդիպումները եւ դասախոսությունները ԲՈՒՀ-երում կամ հեռուստաընկերություն ձեռք բերելը «Օրինաց Երկիր» կուսակցության ղեկավարի կողմից:

Պատասխանելով «Ռադիոլուր»-ի հարցերին, քարոզարշավային այս մթնոլորտը նորմալ է համարում ԱԻՄ ղեկավարն ու այսօր արդեն չի բացառում, որ կրկին կմտնի նախագահական պայքարի մեջ:

«Ես դա պախարակելի չեմ համարում: Արատավոր չեմ համարում նաեւ քաղաքականությամբ զբաղվող որեւէ մեկի այսօրվանից քարոզարշավ կատարելը: Դա իր գործառույթների շժրջանակում տեղավորվում է: Դա կա եւ դա բնականոն է: Ես իրավունք չունեմ անտարբեր լինելու: Մի երկու ընտրություններում մտածել եմ, որ հիմնական առաքելությունը կատարված է, թող առաջ գնան, բայց կյանքը ցույց տվեց, որ ոչ ժողովրդավարության հարցում են լուրջ ու հետեւողական: Այն ժամանակ ես իմ թեկնածությունն առաջադրել եմ՝ հասկանալով, որ այն մեծ փորձը, որ կուտակել եմ, պարտավոր եմ ծառայեցնելու ժողովրդին, բայց հիմա հասկացա նաեւ, որ այդ մահացու կրակոցից հետո ես կենդանի մնացի ոչ թե այն բանի համար, որ կյանքը վայելեմ, այլ նրա համար, որ այն, ինչ կարեւոր է դարձնեմ իմ ժողովրդի սեփականությունը»:

Սահմանադրական բարեփոխումների նախագիծն այսօրվանից ՀՀ նախագահի սեղանին է եւ ադեն անցնում է հանրային քննարկումների փուլ, առավել եւս, երբ Վենետիկի հանձնաժողովի դրական գնահատականն էլ արդեն հայտնի է: Սակայն սահմանադրական բարեփոխումների առաջին հանձնաժողովի ղեկավար Պարույր Հայրիկյանը այս պահին չի ողջունում նախաձեռնությունը: Այսօրվա մասնագիտական հանձնաժողովին նա ուղարկել էր իր մշակած հայեցակարգը, ասում է՝ գտել է ժողովրդավարության բանաձեւը, մասնավորապես, առաջարկում է կրճատել ընտրությունների պարբերականությունը, մի խոսքով 44 էջանոց փաստաթուղթ է պատրաստել: Եվ այսօր նա հայտարարում է.

«Այլեւս չի կարող սահմանադրական բարեփոխումների որեւէ կողմնակից ասել, որ մեկ տարբերակ կա, մեկ հայեցակարգ կա: Մենք պաշտոնապես տվալ ենք երկրորդ հայեցակարգը եւ եթե պետք է քննարկվի, ապա պետք է քննարկվեն զույգ հայեցակարգերը: Եթե պետք է հանրաքվեի դրվի, ապա Հանրաքվեի պետք է դրվեն զույգ հայեցակարգերը՝ ԱԻՄ-ի հայեցակարգը բացարձակ ժողովրդավարության եւ իրենց խուժանությունը եւ մանկամտությունը: Ես իրավունք ունեմ այդպես ասելու, որովհետեւ այն, ինչ կրճատում է մեզ մոտ ժողովրդավարությունը, դա մանկամտություն է, իսկ եթե գիտակցված է արվում, ուրեմն՝ խուժանություն»:

Back to top button