Կոռուպցիայի հիմնական պատճառը անպատժելիության մթնոլորտն է


Կարեն Ղազարյան
Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
«Վերջին երեք տարիներին կոռւպցիայի մակարդակի առումով Հայաստանում վատացում չի եղել, բայց լավացում էլ չի եղել: Հանրության ընկալումը մնացել է նույնը»,- այսօր հայտարարել է «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռւպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության նախորդ՝ 2009-12 թթ. ծրագրի արդյունքներին նվիրված քննարկման ժամանակ։
Կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսելիս՝ թե պետական կառույցների, թե քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները խոսում են հասրակության մասնակցության ու ներգրավման մասին:
Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը նշել է, որ հակակոռուպցիոն նոր ռազմավարության հիմնական բաղադրիչներից մեկը հասարակության ներգրավման, իրազեկվածության մեծացումն է լինելու, քանի որ կոռուպցիան առանց հանրային աջակցության հնարավոր չէ հաղթահարել:
Իսկ «Թրանսփերենսի ինթերնեշնլի» ներկայացուցիչն այլ մտահոգություն ունի. Հայաստանում հասարակությունը խիստ հանդուրժող է կոռուպցիայի նկատմամբ: Սա, նրա կարծիքով, տարբեր պատճառներ ունի, բայց հիմնական խնդիրը անպատժելիության մթնոլորտն է. «Եթե վերնևներն անում են, մե՞նք ինչու չանենք»,- ասել է Վարուժան Հոկտանյանը։