Հասարակություն

Ս. Անանիայի Աջը բերվեց Զորավոր ս. Աստվածածին եկեղեցի

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր նշել է Ս. Անանիա, Մատթեոս, Բառնաբա, Փիլիպպոս, Հովհաննես, Շիղա և Սյուղիանոս առաքյալների հիշատակության օրը: Գարեգին Բ Ամենայն  Հայոց Հայրապետի օրհնությամբ  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ս. Անանիայի Աջը բերվել է Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի, որտեղ ամփոփված են սրբի մասուքները։

Առավոտյան Թումանյան-Փարպեցի փողոցների հատման մասում քահանաներն ու հավատացյալները թափորով դիմավորել  ու ուղեկցել են մասունքակիր Աջը մինչև եկեղեցի։

Եկեղեցում ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշ նորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի հանդիսապետությամբ մատուցվել է ս. պատարագ: Ս. սեղանի առաջ ս. պատարագը մատուցել է Տ. Զգոն քահանա Աբրահամյանը:

Հավարտ Ս. Պատարագի Տ. Նավասարդ Սրբազանն անդաստանի կարգ  է կատարել՝ մասունքակիր սուրբ Աջով օրհնելով աշխարհի չորս ծագերը։

Մասունքակիր Աջն իր օրհնաբաշխ ներկայությամբ եկեղեցում էր մինչև երեկոյան ժամերգության ավարտը: Հարյուրավոր հավատացյալներ իրենց խոնարհումն են բերել սրբի մասունքին և նրա բարեխոսությունը հայցեցին:

Ս. Անանիա առաքյալը  Հիսուսի 72 աշակերտներից էր և Ավետարանում հիշատակվում է Ս.Պողոս առաքյալին աղոթքով բժշկելիս: Ս. Անանիայի գերեզմանը գտնվում է Երևանի Ս. Զորավոր եկեղեցու բակում գտնվող մատուռում: Այն հայտնի ուխտատեղի է ոչ միայն քրիստոնյաների շրջանում. այստեղ հաճախ են ուխտի գալիս բժշկության կարիք ունեցողները` անկախ կրոնական պատկանելությունից:

Ավանդույթն ասում է, որ բժշկության հրաշքներով հայտնի լինելու շնորհիվ սրբի դամբարանի մոտ կառուցված եկեղեցին հավատացյալ ժողովուրդն անվանել է Զորավոր:

Կարդացեք նաև
Close
Back to top button