ԿարևորՔաղաքական

ՀՀ-ում ԳԴՀ դեսպանը՝ 1915թ-ի իրադարձությունների մասին՝ Հայոց Ցեղասպանություն

Լիանա Եղիազարյան
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Մեր երկրի արտաքին քաղաքականության ուղեգծի փոփոխությունն արդեն նոր կանխատեսումների է հիմք տալիս: «Ռադիոլուր»-ը զրուցել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելի հետ, ով շեշտել է՝ թեեւ Եվրամիությունում հստակ հասկանում են, թե ինչու Հայաստանը կողմնորոշվեց դեպի Եվրասիական տնտեսական միություն, բայց, ըստ նրա, դեռ պետք է սպասել՝ տեսնելու՝ ինչպես կգործի այդ միությունը, եւ արդյոք կարդարացվեն դրան վերագրվող սպասելիքները: Դեսպանը մի շարք ուշագրավ հայտարարություններ եւս արել է: Մասնավորապես, անդրադարձել է 1915-ի իրադարձություններին՝ դրանք կոչելով իսկական անունով՝ «գենոցիդ»: Մորելը շեշտել է նաեւ՝ Ադրբեջանն այժմ հստակ հասկանում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը կարող է միայն խաղաղ լուծում ունենալ:

Հայաստանի քաղաքական օրակարգում թիվ մեկ հարցն այսօր Եվրասիական տնտեսական միության կազմում մեր երկրի վերջնական ներկայացվածությունն է: Հիշեցնեմ՝ կառավարությունն արդեն հաստատել է  «Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին» պայմանագրի նախագիծը: Բայց կան հարցեր, որոնց հստակ պատասխաններին սպասում են թե քաղաքական, թե տնտեսական, եւ թե գործարար շրջանակներում: Փորձագետներն ու քաղաքագետները մտավախություն ունեն՝ ինչ է լինելու Եվրոպական միության հետ Հայաստանի ունեցած տարբեր համաձայնագրերի հետ: Դրանք ուժը կորցնո՞ւմ են, թե՞ շարունակում են կիրարկման մեջ մնալ:

Որքանո՞վ է խանգարում Եվրամիության եւ, մասնավորապես, Գերմանիայի հետ Հայաստանի գործակցությանը մեր երկրի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցումը եւ խանգարո՞ւմ է արդյոք:  Հարցի շուրջ զրուցակիցս Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպանն է: Ռայներ Մորելի համոզմամբ, պայմանավորված այդ միությանն անդամակցությամբ, Հայաստանն այլեւս չի կարող նախկինի պես ազատ լինել տարբեր բնագավառներին առնչվող իր «եվրոպական որոշումների մեջ»: Սակայն, ըստ նրա, ամեն դեպքում դեռ պետք է սպասել՝ հասկանալու՝ ինչպիսի իրականության ականատես կլինենք հունվարի 2-ից հետո:

«Դժվար հարց է, խոսքը գնում է հանգամանքների մասին, որոնք կանխավ գնահատել հնարավոր չէ: Եվրամիությունում եւս հասկանում են, որ Հայաստանը կողմնորոշվեց դեպի Եվրասիական տնտեսական միություն՝ ելնելով աշխարհաքաղաքական դրությունից, նաեւ պատմությունից, որ Հայաստանը շատ ամուր կապեր ունի այս տարածաշրջանի հետ:  Դեռ պետք է տեսնենք, թե ինչպես կգործի այդ միությունը: Հայաստանն այժմ պայմանագրային նոր դաշտ է ձեւավորում: Սա անցումային ժամանակաշրջան է, երբ միաժամանակ գործում են հին ու նոր պայմանագրերը: Կարծում եմ՝ Հայաստանի համար ամենաձեռնտու կողմերից մեկն առնչվում է ռուսական գազի ստացմանը: Հաստատ դրական «ամուր» կողմեր կան»:

Արցախի գործոնը շարունակ շեշտվում է նոր միության ձեւավորման համատեքստում: Արդյոք ԵՏՄ շրջանակներում համագործակցությունը կարող է հիմք դնել տարածաշրջանում խաղաղությանը եւ Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը: Գերմանիայի դեսպանը կիսում է դրական սպասելիքները:

Դեսպանը նախ հայ-գերմանական հարաբերություններից խոսեց՝ դրանց շատ բարձր գնահատական տալով: Միաժամանակ, Ռայներ Մորելը Հայաստանին առնչվող տնտեսական հարցերի հիմքում քաղաքական չլուծված հարցեր է տեսնում, մասնավորապես, հենց Արցախի հարցը: Եւ ինչն է կարեւոր, որ դիվանագետը սա հայ-գերմանական գործակցությանը խանգարող գործոն չի դիտարկում: Գերմանական արտադրանքը շատ հեշտ Արցախ էլ է հասնում, գործարարությունն այստեղ սահմաններ չի ճանաչում. վստահ է զրուցակիցս: Դիվանագետը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում մի հետաքրքրիր դիտարկում էլ արեց՝  համագործակցությունը պետք է դիտարկել ոչ թե Հայաստան-Գերմանիա եւ Արցախ-Գերմանիա, այլ հայ-գերմանական հարթության մեջ: Ինչ վերաբերում է ԵՏՄ կազմավորումից հետո Արցախի խաղաղության ապահովման երաշխիքներին, ապա, «Հիմնական աչքն» արձանագրում է, որ այս Միությունն իր թիրախում առաջին հերթին տնտեսական հարցեր ունի, քաղաքականը կից հարցեր են: Բայց տարածաշրջանի խաղաղությունն օրակարգում է: Հարցը սրվեց հատկապես օգոստոսին սահմանին գնդակոծությունների ակտիվացումից հետո: Կարելի է ասել, որ Մոսկվան որոշիչ դեր ունի այս առումով: Բայց ես վստահաբար կարող եմ ասել՝ Ադրբեջանն էլ հասկացավ, որ Ղարաբաղի հարցը կարող է միայն խաղաղ լուծում ունենալ»:

Ռուսաստանի դեմ կիրառվող միջազգային սանկցիաներն անուղղակի կերպով իրենց արտացոլումն են գտնում նաեւ հայաստանյան տնտեսության վրա, որը սերտորեն կապված է ռուսաստանյան տնտեսության հետ:

Դրանք ոչ թե պատժամիջոց են, այլ ավելի խելամիտ քայլերի գնալու հորդոր: Եվրամիության քայլերն այսպես է բնորոշում Գերմանիայի դեսպանն ու ընդգծում՝ դրանք միայն Ռուսաստանին են ուղղված եւ մտածված են միայն նրա համար, որ Ռուսաստանը ճիշտ մոտեցում որդեգրի:

«Հիմա պետք է հետեւենք՝ արդյոք Ռուսաստանը կհետեւի Արեւմուտքի հորդորներին: Պուտինն արդեն որոշ վերանայումներ անում է իր գործելաոճում: Եվրամիությունն ինքն էլ հայտարարում է, որ այս սանկցիաները որոշ ժամանակ անց վերանայվելու են: Դրանք կարող են նաեւ ետ կանչվել, եթե Ռուսաստանն ավելի խելամիտ քաղաքականություն որդեգրի: Որքան դա կտեւի, այժմ դժվար է ասել: Մենք հուսով ենք, որ շուտով դա կլինի»:

Կարող է այս ամենը երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ դառնալ:

«Ոչ, ոչ, սա այն է, ինչն առաջին հերթին պետք է կանխվի: Դրա համար մենք ասում ենք՝ ճգնաժամերը պետք է միայն դիվանագիտական լուծում ունենան: Այլ ելք չկա»:

Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը մեկ այլ կարեւոր թեմայի էլ անդրադարձավ: Հիշեցնեմ՝ Հայաստանի  նախագահը նպատակ ունի բազմաթիվ երկրների նախագահների հրավիրել Հայաստան՝ մասնակցելու Հայոց Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումներին: Կմասնակցի նաեւ գերմանիայի կանցլերը, դեսպանը դեռ վաղ է համարում պատասխանելը: Գերմանական կողմն ամեն դեպքում անպայման մասնակցություն կունենա այդ միջոցառումներին, ասում է դեսպանը: Եւ ինչն է ամենաուշագրավը, Աիդա, 1915-ի իրադարձությունների մասին դեսպանը խոսում է՝ օգտագործելով հստակ ձեւակերպում ու շատ սպասված եզրույթ՝ Հայոց Ցեղասպանություն:

«Իրոք, տեղյակ եմ, որ ձեր նախագահը բազմաթիվ երկրների նախագահների է հրավիրում: Դեռ մոտ կես տարի կա, որոշում ընդունելու ժամանակ՝ եւս: Շտապել պետք չէ: Դեռ տեսնենք՝ ինչ կորոշի կանցլերը: Բայց ես վստահ եմ, որ Գերմանիայից մասնակցող կլինի, քանի որ Հայոց Ցեղասպանությանը նվիրված միջոցառումները եւ ոգեկոչման արարողություններն էական իրադարձություն են»:

Արդյոք այս անգամ Գերմանիան պաշտոնապես նոր բառ կարտաբերի Հայոց Ցեղասպանության առնչությամբ:

«Դուք ճիշտ եք ասում՝ նոր բառ, քանի որ, ինչպես հիշում եք՝ Գերմանիան 90-ամյակին այդ իրադարձությունները դատապարտող բանաձեւ արդեն ընդունել է՝ կիրառելով այլ՝ համարժեք բառ: Ես չգիտեմ՝ արդոք գերմանական հանրությունն ու քաղաքական շրջանակը 100-ամյակին հանդես կգան նոր խոսքով ու նոր անուն կտան այդ իրադարձություններին: Կարող եմ պատկերացնել,որ այստեղ եւ այնտեղ անդրադարձ կլինի, թե ինչպիսի, դժվարանում եմ ասել: Իր ելույթում նման կոչով մեզ դիմեց նաեւ ձեր նախագահը՝ հանդես գալով ՄԱԿ-ի բարձր ամբիոնից»:

 

Back to top button