Հասարակություն

Գեւորգյան ճեմարանից է դուրս եկել ազգային գաղափարախոսների մեծ մասը

«Գևորգյան ճեմարանի հիմնադրումը պատմաբանների կողմից բնութագրվում է որպես Հայ Եկեղեցու բարեկարգության սկիզբ: Սա միանշանակ իրողություն է, բայց ողջ իրականությունը չէ, քանզի արժանին չի մատուցում պատմական ճշմարտությանը: Փաստ է, որ Հայոց Եկեղեցու բարեկարգությունն սկսվեց Գևորգյան ճեմարանից, սակայն դրանով չէր սահմանափակվում հոգևոր կրթարանի վերջնական նպատակը: Գևորգ Դ իմաստուն Հայրապետն ավելի մեծ տեսիլք էր հետապնդում իր մտապատկերում` նրա համար գերակա նպատակ էր հայ ժողովրդի ազատագրության հարցը»,- հայտարարել է Գևորգյան ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը՝ ճեմարանի ստեղծման 140- ամյակի միջոցառման ժամանակ։

Նա նշել է, որ Գեւորգյան ճեմարանն այն միջավայրն էր, որտեղ սկիզս առավա ազգային վերածնության տեսիլքը եւ այս կրթօջախից դուրս եկան 20-րդ դարասկզբի հայ գաղափարախոների մեկ մասը։

Միջոցառմանը ներկա Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարք Մոր Իգնատիուս Եփրեմ Բ- ն ճեմարանի գրադարանին ընծայեց Միքայել Ասորու «Ժամանակագրության» արժեքավոր հրատարակությունը:

«Բացառիկ շնորհ է ուսանելը հոգևոր ճեմարանում, որ աստվածադիր հաստատություն է: Ճիշտ է` հիմնադիրները եղել են մեզ պես անհատներ, սակայն Աստծո հայտնությունն է, Աստծո շնորհն է գործել նրանց մեջ, Աստծո ձայնին, կոչին ընդառաջ նրանք իրականացրել են կրթական գործի կազմակերպումը այս հաստատության մեջ: Ճեմարանի ուսանող լինելը և´ շնորհ է, և´ փառք է, և առավել` պատասխանատվություն, որ ուսում առնելով ու կրթվելով այստեղ` նվիրվեք Տիրոջ Սուրբ Սեղանի սպասավորությանը, ձեր ուսերի վրա կարողանաք վերցնել Տիրոջ բանավոր հոտի հոգևոր առաջնորդությունը, որպեսզի ձեր ջանքերով, ձեր հավատքով Աստծո կենարար խոսքը, փրկության հույսը ուղեկցեն մեր ժողովրդին»,- ասել է Ամենայն հայոց կաթողիկոսը՝ դիմելով ներկաներին։

Back to top button