Հասարակություն

Պարզվել են սպանության հանգամանքները

Քանաքեռ Զեյթունում հոկտեմբերի 11- ին հայտնաբերված դիակի ինքնությունը, ինչպես նաեւ սպանության մանրամասները պարզվել են, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը,

«Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է դիակի ինքնությունը՝ 1990 թ. ծնված Լևոն Բունիաթյան։

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի, Արարատի մարզային վարչությունների և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հոկտեմբերի 11-ին, ժամը 01.00-ին, Երևանի Պ. Սևակի փողոցի թիվ 105 շենքի մոտ 1986 թ. ծնված Արթուր Ե.-ին պատկանող «Օպել» մակնիշի տաքսի ավտոմեքենայի սրահում, 1991 թ. ծնված Տարոն Գալուստովը դեռևս չպարզված տիպի ատրճանակից մեքենայի սրահի հետնամասից կրակել է առջևում նստած Լ. Բունիաթյանի գլխի ձախ քունքային հատվածին, այնուհետև տաքսու վարորդին զենքի սպառնալիքով ստիպել է դիակը տեղափոխել Ծ. Աղբյուրի փողոցում գտնվող զորամասին հարակից էլեկտրասյան սյան մոտ և հանելով դիակը մեքենայից` գետնին գցած վիճակում, երկրորդ անգամ կրակել է ծոծրակին ու նույն ավտոմեքենայով հեռացել։

Հոկտեմբերի 12-ին Տարոն Գալուստովի նկատմամբ հայտարարվել է հետախուզում ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով։

Ոստիկանության ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների արդյունքում` հոկտեմբերի 12-ին, ժամը 19.10-ին, Գալուստովը ներկայացել է ոստիկանություն և հանձնվել ՀՀ քննչական կոմիտե։

Տարոն Գալուստովը կալանավորված է։

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Back to top button