Հասարակություն

Նախագահը մասնակցել է «Էրեբունի-Երևան-2796» տոնակատարության շրջանակներում կայացած մի շարք միջոցառումների

Նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ, երեկ շրջել է 2796-ամյակը նշող տոնական մայրաքաղաքում, դիտել «Էրեբունի-Երևան-2796» տոնակատարության շրջանակներում Երևանի տարբեր վարչական շրջաններում կազմակերպված մի շարք միջոցառումներ, զրուցել տոնախմբությանը մասնակցող երևանցիների հետ. Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի՝ Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջև ընկած այգու հանդիսավոր բացման արարողությանը: Նախագահին ներկայացրել են, որ աշխատանքներ են իրականցվել տասնամյակներ շարունակ անխնամ ու քայքայված այդ տարածքում, և շուրջ 13200քմ ընդհանուր մակերեսով հանգստի գոտին ամբողջությամբ բարեկարգվել է: Հանգստի գոտու մուտքը հարմարացվել է նաև տեղաշարժման խնդիրներ ունեցող բնակիչների համար, կառուցվել են թեքահարթակներ: Հանգստի գոտին ամբողջությամբ ապահովվել է արտաքին լուսավորության նոր համակարգով, շատրվանային համալիրներով, կանաչապատվել է և կահավորվել նստարաններով, զրուցարան–տաղավարներով, խաղային ատրակցիոններով:

Հանրապետության Նախագահն այնուհետ Նոր Նորք վարչական շրջանում ներկա է գտնվել նորվեգացի բևեռախույզ, գիտնական, դիվանագետ, ականավոր հումանիստ, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Ֆրիտյոֆ Նանսենի անվան թանգարան և Սուրբ Աստվածածին եկեղեցի հուշահամալիրի բացման արարողությանը: Հուշահամալիրը ներառում է հայ ժողովրդի պատմության հերոսական և ողբերգական էջերին, անվանի հայորդիներին ու հայ ժողովրդի բարեկամներին նվիրված շուրջ 30 հուշարձան և խաչքար։

Սերժ Սարգսյանը տոնի շրջանակներում շրջայց է կատարել նաև Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում, դիտել «Երեք ժամանակներ» լուսանկարչական տաղավարները, Ազատության հրապարակում՝ «Երևանյան շուրջպար» ազգային պարերը, Հյուսիսային պողոտայում զրուցել տոնը նշող երևանցիների հետ:

Երեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Հանրապետության հրապարակում ներկա են գտնվել «Էրեբունի-Երևան-2796» տոնակատարության շրջանակներում կազմակերպված «Երևան՝ իմ տուն» խորագրով գալա համերգին:

Ցուցադրել ավելի
Back to top button