Մարգիտ Շտեֆֆել. «ԵՏՄ-ին անդամակցությունը ստիպում է հայ-գերմանական գործակցության զարգացման նոր ուղիներ փնտրել»


Լիանա Եղիազարյան
Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»
Հոկտեմբերի 13-14-ին Հայաստանում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարության պատվիրակությունը` տիկին Մարգիտ Շտեֆֆելի գլխավորությամբ: Հայ-գերմանական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման նպատակով այցի շրջանակներում անցկացվում է Հայաստան-Գերմանիա գործարար համաժողով:
Գերմանիայից ժամանել է արդյունաբերության տարբեր ոլորտներ ներկայացնող գործարար պատվիրակություն՝ լոգիստիկա, մեքենաշինություն, գյուղատնտեսություն, էլեկտրաէներգիա, հետազոտություն, սննդի վերամշակում: Այս օրերին անցկացվում են կլոր սեղաններ տնտեսության զարգացման և ընթացիկ ծրագրերի վերաբերյալ, անհատական գործնական հանդիպումներ կառավարության ներկայացուցիչների, պատվիրակության անդամների եւ հայ գործարարների միջև՝ Հայաստանի շուկայում գործնական հնարավորությունները քննարկելու նպատակով:
Ըստ ապրանքաշրջանառության ծավալների՝ Գերմանիան Հայաստանի երրորդ խոշորագույն գործընկերն է: 2014թ. հունվար- օգոստոսին Հայաստանի և Գերմանիայի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 294 մլն դոլար, աճը՝ 28.8 % նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Հայաստանից Գերմանիա է արտահանվել հիմնականում չզտված պղինձ, ներկրվել՝ հիմնականում մարդատար ավտոմեքենա: Պատվիրակության ղեկավար Մարգիտ Շտեֆֆելը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում շեշտել է հետեւյալը:
«Հայ-գերմանական տնտեսական գործակցության վրա կազդի արդյոք Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը: Դժվար է ասել: Հայաստանը Եվրամիության հետ գործակցում է մասնավորապես Արեւելյան գործընկերության ծրագրով, համապատասխան Ասոցացման խորը եւ համապարփակ ծրագրի պայմանագիր ունենք: Հայաստանի նոր անդամակցությունն անհնարին է դարձնում զուգահեռ մի շարք պայմանագրերին միացած մնալը: Նշված ծրագրերով համագործակցությանը խորացումն առավել դյուրին կլիներ, իսկ այժմ մեզ մնում է հուսալ գործակցության զարգացման նոր ուղիներ փնտրել»: