Սպորտ

Հայաստան-Ֆրանսիա հանդիպումը կսպասարկի ռումինացի մրցավարը

Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 20,00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Հայաստան-Ֆրանսիա ընկերական հանդիպումը: Խաղը կսպասարկի ռումինական մրցավարական անձնակազմը՝ Իշտվան Կովաչի գլխավորությամբ: Նրա օգնականները կլինեն Միկլոշ Իշտվան Նագին և Աուրել Օնիցան: Չորրորդ պաշտոնյան է Վլադիմիր Ուրզիցան, իսկ մրցավարի լրացուցիչ օգնականներն են Ռադու Մարիան Պետրեսկուն և Ռոբերտ Դիմիտրուն:

Իսկ այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամի մամուլի ասուլիսը: Նույն օրը՝ ժամը 18:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Ֆրանսիայի ազգային հավաքականի «բաց» մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն ԶԼՄ-ների հավատարմագրված ներկայացուցիչների համար:

Հավելենք, որ Հայաստան-Ֆրանսիա ընկերական հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են: Մարզադաշտի Արևմտյան տրիբունայի տոմսերն արժեն 8000-10000 դրամ, արևելյան տրիբունայի տոմսերը՝ 5000-7000 դրամ, հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսերը՝ 4000 դրամ:

Ցուցադրել ավելի
Back to top button