ԿարևորՀասարակություն

Կոչ՝ միանալու Հայոց Ցեղասպանության և Ասորի Սայֆոյի 100-րդ տարելիցների հիշատակման միջոցառումներին

Անտիոքի ու Համայն Արևելքի Պատրիարքի՝ Մայր աթոռ սուրբ Էջմիածին այցի արդյունու այսօր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Մոր Իգնատիուս Եփրեմ Բ Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարքը ընդունել է համատեղ հայտարարություն՝ անդրադառնալով աշխարհում տեղի ունեցող գործընթացների, Մերձավոր Արեւելքի կացության, Ցեղասպանության եւ Արեւելի ուղղափառ եկեղեցիների համագործակցության մասին։

 

Համաշխարհային արդի գործընթացների մասին
«Հարագնա փոփոխությունների աշխարհում մեր Եկեղեցիները հովվական իրենց կյանքում նոր մարտահրավերների առջև են կանգնած: Կարևորում ենք մեր երկկողմ հարաբերությունների զարգացումը հոգևոր և աստվածաբանական կրթության, հովվական կյանքի, վանականության խթանման գործում: Մեր քաջալերանքն ենք բերում մեր Եկեղեցիների ներկայացուցիչներին՝ շարունակելու փոխգործակցությունը թեմական մակարդակներում»։

Մերձավոր Արեւելքի կացության մասին
«Մեծապես մտահոգված ենք Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակով: Այսօր Մերձավոր Արևելքի երկրները, որոնք օրրանն են միաստվածյան կրոնների և որտեղ դարեր շարունակ կողք կողքի ապրել ու արարել են տարբեր կրոնների ներկայացուցիչներ, այսօր գտնվում են մեծ ճգնաժամի մեջ: Խստորեն դատապարտում ենք բոլոր ահաբեկչական խմբավորումների և կրոնական ծայրահեղականների կողմից իրականացված գործողություններն ու կիրառված բռնությունները քրիստոնյաների, մահմեդականների, եզդիների և մյուս փոքրամասնությունների նկատմամբ: Հույս ունենք, որ Հյուսիսային Իրաքում և Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարը կարդյունավորվի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ և բռնի տեղահանված բնակիչները կվերադառնան իրենց բնակավայրերը:

Մեր մտահոգությունն ենք հայտնում նաև Սիրիայում շարունակվող պատերազմի առնչությամբ: Եվս մեկ անգամ կոչ ենք  անում միջազգային հանրությանը՝ հարգելու Սիրիայի ժողովրդի` բացառապես խաղաղ ճանապարհով իրենց քաղաքական խնդիրները և տարաձայնությունները լուծելու կամքը: Աղոթում ենք առևանգված երկու արքեպիսկոպոսների` Գրիգորիոս  Յոհաննա Իբրահիմի և Բուլոս Յազիչի շուտափույթ ազատ արձակման համար: Լիահույս ենք, որ միջազգային հանրությունը կշարունակի մարդասիրական օգնություն ցուցաբերել տարածաշրջանին, լինի դա մարդկային կյանքի համար օգտակար ֆինանսական, բժշկական թե այլ բնույթի, և կվերացնի մարդասիրական օգնության ճանապարհի բոլոր խոչընդոտները»։

Ցեղասպանության մասին
«Հարյուր տարի է անցել մարդկությանն այդքան դժբախտություն և չարիք պատճառած Առաջին Համաշխարհային պատերազմի սկզբից: Աշխարհի տարբեր ազգեր և պետություններ հիշատակում են մարդկության չարիքները և անդրադարձ են կատարում անդառնալի կորուստներ պատճառած այդ իրադարձություններին: Պատերազմը ծանր հետևանքներ ունեցավ ինչպես հայերի համար, ովքեր կորցրեցին մեկ ու կես միլիոն հայրենակիցների և իրենց հայրենիքի մեծ մասը, այնպես էլ  ասորի ժողովրդի համար, ովքեր կորցրեցին իրենց՝ ավելի քան հինգ հարյուր հազար բնակչություն: Մենք աղոթք ենք բարձրացնում հայ և ասորի նահատակների, ինչպես նաև Առաջին Համաշխարհային պատերազմի մյուս զոհերի համար: Հրավիրում ենք համայն քրիստոնեական աշխարհին` միանալու Հայոց Ցեղասպանության և Ասորի Սայֆոյի 100-րդ տարելիցների հիշատակման միջոցառումներին 2015 թվականին: Կոչ ենք անում քաղաքակիրթ աշխարհին` ճանաչելու և դատապարտելու հայ և ասորի ժողովուրդների, ինչպես նաև այլ քրիստոնյա համայնքների դեմ իրագործված ոճրագործությունները»։

Արեւելքի ուղղափառ եկեղեցիների համագործակցության մասին
«Գոհություն ենք մատուցում Ամենակալ Տիրոջը` Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների միջև առկա համագործակցութան համար, որոնք ունեն միևնույն հավատքը: Ուրախությամբ ենք արձանագրում, որ եկեղեցական մեր ընտանիքը էկումենիկ շարժման և երկխոսությունների մեջ է այլ Եկեղեցիների և քրիստոնեական համայնքների հետ: Պատմական այս նոր պայմաններում աստվածաբանական երկխոսությունները պետք է նպաստեն Քրիստոսի Եկեղեցու համընդհանուր վկայությանն այս փոփոխվող աշխարհում: Ուրախ ենք, որ երկկողմ և բազմակողմ հարաբերություններ են զարգանում կրոնների և միջկրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ` հանուն աշխարհի խաղաղության, ինչպես նաև մարդկության բարօրության և բարգավաճման համար:

Մենք աղոթում ենք առ Աստված Եկեղեցիների պայծառության և աշխարհի ու հատկապես Մերձավոր Արևելքի խաղաղության համար` հայցելով, որ Տերը շուտափույթ խաղաղաղություն և անխռով կյանք պարգևի Սիրիայի ժողովրդին»:

Ցուցադրել ավելի
Back to top button