Էլ ինչ տեխնիկա ՌԴ կվաճառի Ադրբեջանին. Շոյգուն Բաքվում է


Այսօր Բաքու է ժամանում Ռուսասանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Դաշնության պաշտպանական գերատեսչությունը հայտնել է, որ Շոյգուն իր ադրբեջանցի պաշտոնակից Զաքիր Հասանովի հետ քննարկելու է միջազգային անվտանգության արդի հարցերը, երկկողմ ռազմատեխնիկական համագործակցությունն ու Կասպյան տարածաշրջանում փոխգործակցության ամրապնդումը: Ռուսաստանի պաշտպանության նախարարը կհանդիպի նաև Ադրբեջանի նախագահի հետ:
Շոյգուի՝ Բաքու այցին այսօր անդրադարձել է ռուսական «Նեզավիսիմայա գազետա» պարբերականը: Թերթին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Բաքվի բանակցություններից հետո ստորագվրելու է երկու երկների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության ծրագիր՝ հաջորդ տարվա համար: Մանրամասները հայտնի չեն, սակայն թերթի համոզմամբ, խոսքը ռազմական տեխնիկայի վաճառքի, նաև կադրերի պատրաստման մասին կարող է լինել:
Վերլուծաբանները մասնավորապես ուշադրություն են հրավիրում երկու օր առաջ կայացած Ադրբեջանի կառավարության ըդդլայնված խորհրդակցության վրա, որի օրակարգում են եղել երկրի պաշտպանունակության կոնկրետ հարցերը: Հաշվի առնելով փաստը, որ Ադրբեւջանը հիմնականում զինված է ռուսական արտադրության զենքով, կարելի է ենթադրել նաև Սերգեյ Շոյգուի հետ քննարկվելիք հարցերի շրջանակը:
Թերթը, հղում անելով ռազմական փորձագետներին, գրում է, որ ռուսական ռազմական գերատեսչության ղեկավարների հաճախակի դարձած այցերն Ադրբեջան վկայում են երկու երկրների համագործակցության հաջող ընթացքի մասին:
Ադրբեջանում զենքի գնման մասշտաբները տպավորիչ են: Վերջին 4 տարիների ընթացքում Ադրբեջանը գնել է 3,35 մլրդ դոլարի սպառազինություն: Գումարի 80% -ը ծախսվել է ռուսական արտադրության զենք՝ S 300 հրթիռային համակարգեր, T90S տիպի 90 տանկ, 100 հատ БМП զրահամեքենա և այլ ծանր տեխնիկա: «Թե էլ ինչ տեխնիկա և սպառազինությունը կգնի Ադրբեջանը Ռուսաստանից, պարզ կլինի Բաքվի բանակցություններից հետո», գրում է ռուսական պարբերականը: