Արա Աբրահամյան.«ԵՏՄ անդամակցությունը չի սպառնում Հայաստանի անկախությանը»


Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Արդեն ավանդույթ է դարձել Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի օրերի անցկացումը Հայաստանում և Արցախում: Ծրագրի շրջանակներում երկու կառույցները անցած տարիների ընթաքում Հայաստանում և Արցախում իրականացրել են սոցիալ-տնտեսական, կրթամշակութային, բարեգործական բազմաթիվ ծրագրեր, որոնք իրենց շարունակությունը կունենան նաև առաջիկա օրերին:
Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանն այսօր տեղեկացրել է, որ պատվիրակության անդամները վաղը կմեկնեն Արցախ՝ Ստեփանակերտ, մասնակցելու նորակառույց դպրոցի բացման արարողությանը: Ընթացքի մեջ են միության կողմից կառուցվող ռուս ուղղափառ եկեղեցու շինարարարկան աշխատանքները: Վերանորոգվում է կույրերի միավորման մշակույթի տունը: Հայաստանի շուրջ 15 դպրոցներում կանկացվի «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի հանրապետական փառատոնը: Ծրագրերն ու միջոցառումները շատ են:
Արա Աբրահամյան այսօր առանձնացրել է դրանցից մասնավորապես մեկը՝ «ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության տնտեսական հեռանկարները» խորագրով համաժողովը: Արամ Աբրահամյանը նշել է, որ այդ անդամակցությունը չի սպառնում Հայաստանի անկախությանը, չի վնասելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, ապահովելու է Հայաստանի անվտանգությունը, ապահովելու է կապիտալի ազատ տեղաշարժ, իսկ սահմանափակումները միայն տնտեսական հարցերով են լինելու:
«Ճիշտ քաղաքականություն վարելու դեպքում այս անդամակցությունից Հայաստանը միայն կշահի: Մեզ համար ամենակարևորը անվտանգությունն ու տնտեսական վիճակի բարելավումն է: Հայ գործարարները պետք է ավելացնեն դեպի Ռուսաստան արտահանման ծավալները, իսկ կառավարությունն էլ պիտի անի հնարավորը դա ապահովելու համար»,-ասում է Աբրահամյանը, ով ուսումնասիրել և համեմատել է Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության առաջարկած պայմանները և կարծում է, որ վերջինն ավելի լավ պայմաններ է առաջարկում:
«Կապիտալի ազատ տեղաշարժի հնարավորություն կա, 170 միլիոնանոց շուկա : Ես այստեղ շատ լավ հեռանկարներ եմ տեսնում»: