ԿարևորՔաղաքական

Սկսվեց Սերբիայի նախագահի պաշտոնական այցը Հայաստան

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով երեկ երեկոյան պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սերբիայի Հանրապետության նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը:

ՀՀ նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Սերբիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է երկու երկրների նախագահների երկկողմ ձևաչափով հանդիպումը:

Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայ-սերբական բարեկամությունը խորը արմատներ ու պատմություն ունի, և այդ պատմության մեջ բարեկամության բազմաթիվ դրսևորումներ կան, որոնք լավ հիմք են այսօր միջպետական հարաբերությունները խորացնելու և ամրապնդելու համար: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Սերբիայի նախագահի այցը նոր խթան կհաղորդի հայ-սերբական քաղաքական երկխոսությանը և երկկողմ  համագործակցության օրակարգն առաջ մղելու գործին:

Տոմիսլավ Նիկոլիչը շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին ջերմ ընդունելության համար և նշել, որ Սերբիայի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո, իր համար կարևոր է եղել Հայաստանի և Սերբիայի միջև հարաբերությունների զարգացումը, որը, նախագահ Նիկոլիչի խոսքով, այսօր բավարար մակարդակի վրա չէ: Սերբիայի նախագահը վստահեցրել է, որ իր երկիրը կներդնի առավելագույն ջանքեր՝ հայ-սերբական միջպետական կապերը սերտացնելու և համագործակցությունը խորացնելու համար:

Հանդիպման ավարտին նախագահ Սերժ Սարգսյանը Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչին պարգևատրել է Փառքի շքանշանով՝ Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի առթիվ և ի նշանավորումն հայ-սերբական ավանդական բարեկամության: Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը փոխադարձաբար նախագահ Սերժ Սարգսյանին պարգևատրել է Սերբիայի Հանրապետության շքանշանով:

 

Ցուցադրել ավելի
Back to top button