Տնտեսական

Էկոնոմիկայի նախարարության պատվիրակությունը ԱՄՆ-ում կմասնակցի ՀԲ խմբի տարեկան ժողովին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ` մասնակցելու հոկտեմբերի 10-ից 12-ը կայանալիք Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան ժողովի աշխատանքներին: Այս մասին հայտնում է էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը:

Տարեկան ժողովի շրջանակներում նախատեսվում է նախարարի մասնակցությունը ՀԲ և ԱՄՀ լիագումար նիստին, ՀԲ և ԱՄՀ Նիդերլանդական խմբի հանդիպմանը` որպես Համաշխարհային բանկի խմբում Հայաստանի Հանրապետության կառավարիչ: Ակնկալվում է Կարեն Ճշմարիտյանի մասնակցությունը նաև համաշխարհային տնտեսության ներկա զարգացումների, առկա մարտահրավերների ու ապագայի տեսլականի շուրջ մի շարք բարձրաստիճան քննարկումների:

Այցի շրջանակներում էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը երկկողմ հանդիպումներ կունենա Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի ղեկավար անձնակազմի հետ, որոնց ընթացքում կքննարկվեն այդ կառույցների հետ Հայաստանի համագործակցության արդյունքներն ու հեռանկարները:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից պատվիրակության կազմում ընդգրկված են նաև էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը և նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման քաղաքականության վարչության պետ Արտակ Բաղդասարյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button