ԿարևորՀասարակություն

Շառլ Ազնավուր.« 23 տարին փոքր ժամանակահատված է մի երկրի և ժողովրդի համար, որի պատմությունը հազարամյակներով է հաշվվում՚՚

Հոկտեմբերի 6-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպան, Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ Մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրի կողմից Ժնևի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցի հանդիսությունների սրահում տրվել է պաշտոնական ընդունելություն` նվիրված ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին:

Ընդունելությանը ներկա են գտնվել Շվեյցարիայի դաշնային օրենսդիր և գործադիր իշխանությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, Ժնևի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և Բեռնում հավատարմագրված բազմաթիվ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, շվեյցարահայ համայնքի ներկայացուցչներ:

Իր ելույթում դեսպան Ազնավուրը նշել է, որ քսաներեք տարին փոքր ժամանակահատված է մի երկրի և ժողովրդի համար, որի պատմությունը հազարամյակներով է հաշվվում, սակայն Հայաստանի անկախության քսաներեք տարիները խորհրդանշում են շատ կարևոր ժամանակաշրջան հայ ժողովրդի անցած երկարամյա պատմական ուղու վրա:

Դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել է Ժնևում Միացյալ ազգերի կազմակերպության բոլոր կառույցներին, Շվեյցարիայի դաշնային և կանտոնալ իշխանություններին, Հայաստանի բոլոր բարեկամներին` անկախությունից ի վեր Հայաստանին ցուցաբերած գործուն և շարունակական աջակցության համար:

Երեկոյի ընթացքում հայ և շվեյցարացի երաժիշտներից կազմված քառյակի կատարմամբ հնչել են Հայաստանի և Շվեյցարիայի օրհներգերը, Արամ Խաչատրյանի, Կոմիտասի և այլ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Ցուցադրել ավելի
Back to top button