ՆԱՏՕ- ն կպաշտպանի Թուրքիան ԻՊ- ից, Անկարայում ասել է դաշինքի գլխ. քարտուղարը


Թուրքիայում է ՆԱՏՕ-ի նորանշանակ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Անկարայում հանդիպումների օրակարգում հիմնականը թուրք-սիրիական սահմանին տիրող իրավիճակն է և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հարցերը։
Ստոլտենբերգը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ քննարկել է Սիրիայի սահմանային շրջանում ոչ թռիչքային, բուֆերային գոտի ստեղծելու հեռանկարը: Անկարան, հիշեցնենք, ավելի վաղ հայտարարել է, որ թուրքական զինուժը կմասնակցի «Իսլամական պետության» դեմ ցամաքային գործողություններին, եթե թուրք- սիրիական սահմանային հատվածը բուֆերային գոտի հայտարարվի։
Ստոլտենբերգն այսօր Անկարայում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշել է, որ նման գոտիների ստեղծումը դժվար գործ է և ժամանակ է պահանջում: «ՆԱՏՕ-ն առաջնահերթ զբաղվում է կոլեկտիվ անվտանգություն ապահովելով: Դաշինքը կշարունակի պաշտպանել Թուրքիային և իր սահմանները «Իսլամական պետության» կողմից եկող սպառնալիքներից»,- ասել է ՆԱՏՕ- ի գլխավոր քարտուղարը՝ հավելելով, որ ԱՄՆ, ինչպես նաև դաշինքի այլ երկրներ, վճռական են տրամադրված «Իսլամական պետության» դեմ պայքարում:
Ստոլտենբերգը նաև հիշեցրել է թուրք-սիրիական սահմանի մոտ տեղակայված Patriot զենիթահրթիռային համակարգերի մասին և ընդգծել. դրանք անհրաժեշտության դեպքում մասնակցելու են Թուրքիայի հարավային սահմանների պաշտպանությանը։
Անկարայում այսօր կայացել է նաև դաշինքի գլխավոր քարտուղարի համատեղ մամուլի ասուլիսը Թուրքիայի արտգործնախարարի հետ: Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայից միայնակ ցամաքային գործողություն ակնկալելն իրատեսական չէ, և քանի դեռ Սիրիայում իշխում է Բաշար ալ Ասադի ռեժիմը, արցունքներն ու կոտորածները շարունակվելու են: