ԿարևորՄշակույթՔաղաքական

Մատենադարանին շնորհվել է գրավոր ժառանգության պահպանման ոլորտում ԱՊՀ բազային կազմակերպության կարգավիճակ

Այսօր Մինսկում տեղի ունեցած ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստում որոշվել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտին շնորհել գրավոր ժառանգության պահպանման և վերականգնման ոլորտում ԱՊՀ բազային կազմակերպության կարգավիճակ։

ԱՊՀ խորհրդի նիստին մասնակցել է նաեւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Օրակարգում շուրջ երկու տասնյակ հարցեր էին, այդ թվում նաև` հոկտեմբերի 10-ին կայանալիք ԱՊՀ գագաթաժողովի քննարկմանը ներկայացվելիք փաստաթղթերի և ԱՊՀ ձևաչափում իրականացվող բազմակողմ համագործակցության վերաբերյալ:

ԱՊՀ երկրների արտգործնախարարների կողմից հավանության արժանացավ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ ԱՊՀ մասնակից երկրների ղեկավարների ուղերձի նախագիծը, որում կոչ է արվում աշխարհի երկրներին և ժողովուրդներին վճռականորեն հակազդել նացիստական շարժման հերոսացմանը, ֆաշիստական գաղափարախոսության վերակենդանացմանը, այլատյացության և ռասիզմի տարածմանը, զոհերին և դահիճներին հավասարեցնելու փորձերին:

Նախարարների խորհրդում քննարկվեց հումանիտար բնագավառում 2015-2016թթ. ԱՊՀ շրջանակներում իրականացվելիք համագործակցության ծրագիրը, որով նախատեսվում է մշակույթի, կրթության, գիտության, տեղեկատվական, գրահրատարակչության բնագավառներում շուրջ 200 միջոցառումների կազմակերպում։

Նիստի մասնակիցները հավանության արժանացրին ապօրինի միգրացիայի դեմ հակազդեցության բնագավառում ԱՊՀ մասնակից երկրների 2015-2019թթ. համագործակցության ծրագիրը։ Նախարարներն անդրադարձան ԱՊՀ մասնակից երկրների արտաքին սահմանների պահպանության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, մարդկանց առևտրի դեմ պայքարի ոլորտներում համագործակցության, իրավապահ մարմինների միջև փոխգործակցության հարցերին։

Արտգործնախարարները քննարկեցին ԱՊՀ հետագա զարգացման հայեցակարգի իրականացման ընթացքը։

Նախարարները որոշեցին ԱՊՀ արտգործնախարարների հաջորդ նիստն անցկացնել 2015թ. ապրիլին՝ Ղրղզստանի Օշ քաղաքում։ 

Ցուցադրել ավելի
Back to top button