Տնտեսական

Հաստատվել է «Շրջանառության հարկի մասին օրենքում» լրացումներ ու փոփոխություններ կատարելու նախագիծը

լրացված ժամը 16.14-ին


Հասմիկ Դիլանյան
Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

 

Կառավարության հերթական նիստն այսօր առանց բողոքի ակցիաների է անցել: Նիստի օրակարգում ընդգրկված է եղել շուրջ 40 հարց:  Ի թիվս այլ հարցերի, գործադիրն այսօր հաստատել է նաև «Շրջանառության հարկի մասին օրենքում»  լրացումներ ու փոփոխություններ կատարելու նախագիծը: Հիշեցնենք, կառավարությունն այս նոր փոփոխություններով ընդառաջ էր գնացել շուրջ քսան օր բողոքի ակցիաներ կազմակերպող ՓՄՁ ներկայացուցիչներին:

ՀՀ ֆինանսների նախարարությունը կառավարության քննարկմանն է ներկայացրել «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու որոշման նախագիծ, որով ՓՄՁ-ների համար մինչև պարտադիր փաստաթղթավորման պահանջի գործողությունը ձեռք բերված ապրանքների գույքագրման պահանջը սույն թվականի հոկտեմբերի առաջին տասնօրյակից կերկարաձգվի մինչև 2015 թվականի փետրվարի 1-ը: Որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության հոկտեմբերի 9-ի նիստի օրակարգում:

«Խնդիրը կայանում է նրանում, որ փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում, պարզվել է, որ շրջանառության հարկ վճարողների շրջանում պարտադիր փաստաթղթավորման պահանջի ներդրմամբ ի հայտ են եկել մի շարք տեխնիկական խնդիրներ, որոնք հիմնականում պայմանավորված են մինչև պարտադիր փաստաթղթավորման պահանջի գործողությունը ձեռք բերված ապրանքների գույքագրումը 10-օրյա ժամկետում ավարտելու օրենսդրական պահանջով: Մասնավորապես, առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող հարկ վճարողները դժվարանում են վերոնշյալ անցումային ժամանակահատվածում հաշվառել իրենց ապրանքային մնացորդները և համապատասխան տեղեկատվություն ներկայացնել հարկային մարմիններին, ինչը պայմանավորված է տնտեսավարող սուբյեկտների մոտ առկա ապրանքային մնացորդների ծավալներով, ինչպես նաև ապրանքային մնացորդների ձևանմուշի լրացման հմտությունների պակասով»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 6-ին հանձնարարել էր ֆինանսների նախարարին` Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու նպատակով 3-օրյա ժամկետում մշակել և կառավարության քննարկմանը ներկայացնել համապատասխան օրենքի նախագիծ, համաձայն որի գույքագրման պահանջը սույն թվականի հոկտեմբերի առաջին տասնօրյակից կերկարաձգվի մինչև 2015 թվականի փետրվարի 1-ը: Քսանօրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ գույքագրման ձևանմուշը հնարավորինս պարզեցնելու, տնտեսվարողների շրջանում գույքագրման գործընթացի պատշաճ կազմակերմանն ուղղված անհրաժեշտ ուսուցողական դասընթացների անցկացման և այլ անհրաժեշտ վարչարարական քայլերի վերաբերյալ:

Ֆերմերները դիմել են ՓՄՁ ԶԱԿ-ին  նոր կոմբայններ ձեռք բերելու խնդրանքով

Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամ են դիմել ՀՀ բազմաթիվ համայնքների ղեկավարներ և ֆերմերներ` ցանկություն հայտնելով ձեռք բերել կոմբայններ:

Դրանք մատչելի պայմաններով ձեռք բերելու և ներմուծելու նպատակով Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամը դիմել է Դոնի Ռոստովում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանին, որպեսզի բանակցություններ վարի «Ռոստսելմաշ» ընկերության հետ, որն արտադրում է հայտնի «NIVA Effect» մակնիշի կոմբայնի արդիականացված տարբերակը:

«Համայնքներն ունեն նշված կոմբայնի հետ աշխատելու փորձ և պաշտոնական ներկայացուցչի առկայությունը Հայաստանում հեշտացնում է երաշխիքային սպասարկման իրականացումը»,- ՀՀ կառավարության այսօրւվա նիստի օրակարգում ներառված նախագծի հիմնավորման մեջ:

Գործարանը վաճառքի վերջնական գին է սահմանել 2 հազար 350 ռուբլի, ինչը մոտ 300 հազար ռուբլով էժան է գործարանի սահմանած վաճառքի գնից:

«Միաժամանակ, հարկ ենք համարում կարևորել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման հրատապությունը, քանի որ վաճառքի գինը կարող է փոփոխվել` կախված գնման հետաձգումից»,- ասված է նախագծում:
ՀՀ կառավարության որոշման ընդունման արդյունքում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամը հնարավորություն կունենա ձեռք բերել կոմբայններ և համապատասխան պայմաններով տրամադրել գյուղացիական տնտեսություններին և համայնքներին:

Նմանատիպ ծրագիր է իրականացվում նաև Բելառուսի «Մինսկի տրակտորների գործարան», «Բաբրույսկագրոմաշ» և «Լիդսելմաշ» ընկերությունների հետ, ինչի արդյունքում ներմուծվում են տրակտորներ և հարակից գյուղատնտեսական սարքավորումներ ու տրամադրվում գյուղացիական տնտեսություններին:

Ցուցադրել ավելի
Back to top button