Տնտեսական

Հայ եւ ռուս գործարարները քննարկել են գործակցության նոր հնարավոր տարբերակներ

Լիանա Եղիազարյան
Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Երեւանում այս օրերին հայ եւ ռուս գործարարների մասնակցությամբ անցկացվում է «Բիզնես մարաթոն 2014»-ը, որը ներառում է երկու երկրների 41 քաղաք: Այս նպատակով Հայաստանում են մի քանի տասնյակ փոքր ու միջին բիզնեսի մոսկովյան ներկայացուցիչներ: «Բանակցային հարթակ» ձեւաչափով հայ եւ ռուս գործարարները քննարկում են գործակցության նոր հնարավոր տարբերակները: Երեւանյան այն ընկերությունները, որոնք հետաքրքրված են մոսկվացի գործընկերների հետ գործակցության նոր տարբերակներով, հնարավորություն ունեն հենց Երեւանում երկկողմ բանակցություններ վարել պոտենցիալ գործընկերների հետ:

Ծրագրված 80 երկկողմ հանդիպումներին մասնակցում են շինարարական, լաքաներկային եւ հարդարման նյութերի, օդափոխության եւ օդամաքրման համակարգերի, բժշկական սարքավորումների, հագուստի, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կառավարման համակարգերի, ավտոմատացման համակարգերի արտադրությամբ զբաղվող ընկերություններ:

«Ռադիոլուր»-ի հետ զրույցում Մոսկվայի գիտության, արդյունաբերական քաղաքականության եւ գործարարության վարչության ղեկավարի տեղակալ Դմիտրի Կնյազեվը շեշտել է, որ ռուս գործարար շրջանակները թեեւ արդեն զգում են միջազգային պատժամիջոցների ազդեցությունն իրենց գործունեության վրա, սակայն դրանք մինչ այդ արդեն նախապատրաստվել են նման փոփոխությունների ու հակաճգնաժամային միջոցառումների նոր փաթեթներ կազմել իրենց համար:

«2008-ի ճգնաժամը հաղթահարեցինք, սա էլ կանցնեք»,-վստահություն  է հայտնել նա՝ շեշտելով, հայ գործընկերների հետ գործակցության զարգացումը մասամբ կարող է փակել առաջացած ճեղքվածքը: Երեւանի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Կարեն Մարտիրոսյանը հույս է հայտնել, որ հաջորդ տարի այս ֆորումն արդեն կլինի ոչ միայն հայ-ռուսական ձեւաչափով, այլեւ կընդգրկի նաեւ ղազախական եւ բելառուսական բիզնես շրջանակները:

«Բիզնես մարաթոն 2014»-ի կազմակերպիչ Կարեն Իվանովն էլ փոխանցել է՝  հայաստանյան արտադրության ապրանքներն այսօր մրցունակ ու պահանջված են ռուսական շուկայում, միայն թե մեր արտադրության ծավալներն են փոքր: Գործընկեր երկրում գնալով ավելի մեծ պահանջարկ են սկսում վայելել Ղարաբաղում արտադրված պահածոները:

Ցուցադրել ավելի
Back to top button