Քաղաքական

ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման համար պետք է նաեւ Ադրբեջանի պատրաստակամությունը, ասել է ԱԺ նախագահը

Հայաստանը հաստատակամ է շարունակել խաղաղ ճանապարհով ԼՂ խնդրի կարգավորման՝ ԵԽ առջև ստանձնած հանձնառությունը: Չնայած որ Եվրոպայի խորհուրդը հակամարտությունների կարգավորման համապատասխան մանդատ և մեխանիզմներ չունի, կազմակերպությունը կարող է  Լեռնային Ղարաբաղի կարգավիճակից անկախ ուղղակիորեն շփումներ նախաձեռնել Ղարաբաղի հետ` իր իսկ գործառույթների շրջանակներում, առավել ևս, երբ Եվրոպայի խորհուրդը նման փորձ ունի այլ հակամարտությունների գոտիներում, այսօր Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսին ասել  է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ ընդունելով նրան։

Գալուստ Սահակյանը նշել է, որ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու Հայաստանի հաստատակամությունը բավարար չէ, անհրաժեշտ է նաև Ադրբեջանի պատրաստակամությունը, սակայն շարունակում են անհանգստության տեղիք տալ Ադրբեջանից հնչող ռազմատենչ հայտարարությունները, պատերազմի սպառնալիքները, ատելության սերմանումը, ռազմական ծախսերի անհամաչափ աճը, սպառազինությունների կուտակումը:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է նաև, որ ազգերի ինքնորոշումը մարդու հիմնական իրավունքների իրագործման երաշխիքն է, և Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ինքնորոշվել է ժողովրդավար հասարակության մեջ ապրելու նպատակով: Հնարավոր չէ ապրել և վայելել սեփական իրավունքները մի երկրում, որտեղ ոտնահարվում են մարդու իրավունքները, որտեղ հայերին համարում են թիվ մեկ թշնամի, անգամ հետապնդվում են քաղաքացիական հասարակության այն ակտիվ անդամները, ովքեր համարձակվում են երկխոսության մեջ մտնել Հայաստանի իրենց գործընկերների հետ, ինչպես օրինակ, այս տարվա Սախարովի մրցանակի հավակնորդ Լեյլա Յունուսը:

Հանդիպման ժամանակ ԱԺ նախագահը նաեւ անդրադարձել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, սահմանադրական բարեփոխումների խնդիրներին։

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս նշել է, որ զեկույց է պատրաստելու այցելության հետ կապված դիտարկումների շուրջ և հույս է հայտնել, որ զեկույցը օգտակար կլինի:

Ցուցադրել ավելի
Back to top button