Թուրքիան պետք է առերեսվի իր պատմության հետ, ասել է «1915-ի դահճի փոխակերպում» գրքի հեղինակը


Աննա Նազարյան
«Ռադիոլուր»
Լույս է տեսել գերմանաբնակ թուրք գրող Էրդալ Շահինի «1915-ի դահճի փոխակերպում» գրքի հայերեն տարբերակը: Գիրքը գրվել է գերմաներենով, այնուհետև թարգմանվել նաև թուրքերեն: Հեղինակը արմատներով Դերսիմից է, պատկանում է ալևի համայնքին: Բնակվելով Գերմանիայում, սակայան, իր խոսքով, մանկուց իր վրա զգացել է այն նսեմացումը, որ դրսևորել են գերմանացիներն այլ ազգերի նկատմամբ: Մեծանալով հասկացել է, որ դա այն նույն նսեմացումն է, որ ապրել են հայերը օսմանյան կայսրության տարիներին, ինչին էլ հաջորդել է Հայոց ցեղասպանությունը:
Գրքի հեղինակն այսօր համոզված է, որ յուրաքանչյուր ոք պետք է առերեսվի իրողության հետ, դա վերաբերում է առաջին հերթին թուրքերին. «Իրենք ևս պետք է իրենց ներողության գիրքը գրեն: Թուրքիան այլ բան չունի անելու, քան իրողության հետ առերեսվելն ու ցեղասպանությունն ընդունելն է»:
Նշենք, որ «1915 -ի դահճի փոխակերպում» գիրքը պատմում է Հայոց ցեղասպանության մասին, որտեղ հեղինակը նաև իրեն է մեղավոր ճանաչում հայերի պատմության դժբախտ էջի համար: