ԱԺ եռյակը որոշել է՝ հանրահավաքին կմասնակցեն նաեւ առաջնորդները


Լենա Բադեյան
«Ռադիոլուր»
Այսօր խորհրդարանում տեղի է ունեցել ոչ իշխանական եռյակի նիստը։ Հանդիպումն անցել է «Ժառանգություն» խմբակցությունում։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից մասնակցել է Նաիրա Զոհրաբյանը, իսկ ՀԱԿ-ից՝ խմբակցությքան ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Քննարկվել են վաղվա հանրահավաքի հետ կապված խնդիրները։
Հանրահավաքին քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցության մասով վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել «Ռադիոլուրին» փոխանցել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը։
«Հանրահավաքին պետք է տանք գնահատականը 12 կետերի հետ կապված։ Հիմա ամբողջական է գնահատականը եւ վաղը կհրապարակվի եռյակի միասնական փաստաթուղթը: Ինչ վերաբերում է ղեկավարների մասնակցությանը, այո, նրանք վաղը կմասնակցեն հանրահավաքին։ Վերջնական որոշվել է այլեւս»,- ասել է Ռուբիկ Հակոբյանը։
Հավելենք, որ միասնական հանրահավաքում վաղը եռյակի ղեկավարները ելույթ կունենան այբբենական կարգով՝ ԲՀԿ, «Ժառանգություն», ՀԱԿ առաջնորդներ հերթականությամբ։
Ի դեպ՝ 12 կետերի առումով Ռուբիկ Հակոբյանը նշեց, որ հանրահավաքում հրապարակվելու է ոչ թե քառյակի դիրքորոշումը, ինչպես նախկինում խոստացվում էր, այլ՝ եռյակինը։