ԿարևորՔաղաքական

Նալբանդյան-Ֆաբիուս հանդիպմանը կարեւորվել են ԵԱՀԿ ՄԽ ջանքերը՝ ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման գործում

Հոկտեմբերի 7-ին աշխատանքային այցելությամբ Փարիզ ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հետ:

Բանակցությունների օրակարգում էր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Էդվարդ Նալբանդյանը, բարձր գնահատելով Ֆրանսիայի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների կառուցողական ներգրավվածությունը, կարևորել է նրանց միասնական ջանքերը` միտված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։ Էդվարդ Նալբանդյանն ու Լորան Ֆաբիուսը անդրադարձել են հոկտեմբերի վերջին Ֆրանսիայի Նախագահի նախաձեռնությամբ Փարիզում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման նախապատրաստական աշխատանքներին։

Այս համատեքստում Էդվարդը Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը` շարունակելու Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ աշխատանքն` ուղղված հիմնախնդրի հանգուցալուծմանը:

Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները գոհունակությամբ արձանագրել են, որ երկկողմ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, ինչին մեծապես նպաստում են պարբերական բարձրաստիճան փոխայցելությունները։

Զրուցակիցները քննարկել են միջազգային եւ տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրներ։

Ցուցադրել ավելի
Back to top button