Տնտեսական

Մեդվեդեւին դուր է եկել հայկական կոնյակն ու պանիրը

Հայկական 15 ընկերություններ են մասնակցում ՌԴ մայրաքաղաքում այսօր մեկնարկած  «Ոսկե աշուն-2014» ագրոպարենային ապրանքների տասնվեցերորդ միջազգային ցուցահանդեսին։ Ցուցահանդեսի բացմանը մասնակցել է նաեւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը։ Հայկական տաղավարի մոտ նրանք դիմավորել է ՀՀ գյուղնատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։

Վարչապետ Մեդվեդևը գյուղնախարար Կարապետյանի ուղեկցութամբ շրջել է հայկական տաղավարներով, որտեղ ներկայացված են    մսամթերք,   հյութեր,  թարմ պտուղ-բանջարեղենից  պատրաստված պահածոներ, թթու կաթնամթերք, պանիր, ալկոհոլային խմիչքներ, այդ թվում ռուսական շուկայում մեծ պահանջարկ վայելող  հայկական կոնյակ:

Համտեսելով հայկական կոնյակը՝ ՌԴ վարչապետը նշել  է, որ այն բարձրորակ է և մեծ պահանջարկ է վայելում: Մեդվեդեւը բարձր է գնահատել նաև   հայկական պանրի որակը, ընդգծելով , որ  կցանկանար ռուսական շուկայում տեսնել հայկական արտադրության  այլ կաթնամթերք ևս:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է  «Վերին Լարս» սահմանային անցակետի ոչ արդյունավետ աշխատանքի խնդիրը, քանի որ նրա  շուրջօրյա չգործելու  պատճառով  հնարավոր չի լինում բավարար քանակով արտահանումներ իրականացնել:  ՌԴ վարչապետը նշել է, որ բարձրացված հարցին կաշխատեն հնարավորինս սեղմ ժամկետում լուծում տալ:

Ցուցահանդեսի շրջանակներում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հանդիպումներ է ունեցել  Բելառուսի, Ղրղզստանի,  Թուրքմենստանի Հանրապետությունների գյուղատնտեսության նախարարների հետ:

Հայաստանի Հանրապետության   և Սերբիայի Հանրապետության գյուղատնտեսության նախարարները պայմանավորվել են  առաջիկայում ստորագրել համագործակցության համաձայնագիր:

Ցուցադրել ավելի
Back to top button