Հասարակություն

Հարուցվել է քրեական գործ՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ։ «Հայկական ժամանակ» օրաթերթի  լրագրող  Թագուհի Հովհաննիսյանը 2014թ.  հոկտեմբերի  3-ին ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է տվել, որ 2014թ.  սեպտեմբերի 19-ին Երևանի «Ալեքսանդր Սպենդիարյանի» անվան օպերայի և բալետի  պետական ակադեմիական թատրոնի շենքում՝ «Հայաստան-Սփյուռք» համաժողովի աշխատանքների լուսաբանման ընթացքում Ղազախստանի հայկական համայնքի «Նաիրի» ասոցիացիայի ղեկավար Արտյուշա Կարապետյանը խոչընդոտել է իր լրագրողական գործունեությանը։

Մասնավորապես, ըստ լրագրողի, Ա.Կարապետյանին ուղղված հարցից հետո վերջինս իր ձայնագրիչը ձեռքից վերցնելու, ինչպես նաև բջջային հեռախոսում եղած` տվյալ  գործողության  վերաբերյալ տեսաձայնագրությունը ջնջելու միջոցով խոչընդոտել է իր լրագրողական մասնագիտական օրինական գործունեությանը:

Նկատի ունենալով, որ Թ.Հովհաննիսյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերում առկա են քրեական գործ հարուցելու հիմքեր՝ Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով։ Կատարվում է նախաքննություն։

Ցուցադրել ավելի
Back to top button