Երեխայի խնամքի տևողության ժամանակը չի կրճատվի.Անահիտ Գալստյան


Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը փաթեթ է հաստատել, որով փոփոխություննր են նախատեսվում «Պետական նպաստների մասին» և «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքներում, իրավական այս ակտերում նաև լրացումներ և փոփոխություններ են նախատեսվում: Կառավարությունը նախագիծն արդեն հաստատել է, այն սահմանված կարգով կներկայացվի Աժ: «Պետական նպաստների մասին» օրենքում էական փոփոխություններ չեն կատարվել, նախատեսված արմատական փոփոխությունը հանվել է օրակարգից: Տեղեկացնենք, որ առաջարկվում էր երեխայի խնամքի նպաստի տևողությունը սահմանել մեկ տարի, ներկայիս երկու տարվա փոխարեն: Սակայն, աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանը մեզ փոխանցեց, որ երեխայի խնամքի տևողության ժամանակը չի կրճատվի: Այն կշարունակի մնալ երկու տարի: Մայրերը, եթե երկու տարի մնան տանն ու խնամեն երեխային, կշարունակեն ստանալ իրենց 18 հազար դրամը:
Եթե կինը որոշի ավելի շուտ աշխատանքի վերադառնալ, վերադարձի պահից սկսած նա կզրկվի 18 հազար դրամից: Սակայն, ինչպես մեզ փոխանցեց նախարարության ներկայացուցիչը, եթե որոշ ժամանակ անց, մայրը ցանկանա կրկին զբաղվել երեխայի խնամքով, ապա նորից կստանա 18 հազար դրամը: Երեխայի՝ երկու տարին լրանալուց հետո կինը կարող է ևս մեկ տարի երեխային խնամել, սակայն, այս դեպքում նա գումար չի ստանա: Այս կարգում որևէ փոփոխություն չի կատարվել:
Փոփոխություններ և լրացումներ են կատարվել են «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում: Ընդ որում՝ երկու առանցքային փոփոխություն: Նախ սահմանվել է մայրության նպաստ և փոխվել է նպաստի հաշարկման կարգը: 2016թ հունվարի մեկից չաշխատող կանայք նույնպես գումար կստանան: Սա մայրության նպաստ է կոչվելու, քանի որ կանանց գումարը տրվելու միայն նրա համար, որ մայր են դառնալու: Սա կիրառվելու է առաջին անգամ:
Մոտ 29-30 հազար չաշխատող անձանց մասին է խոսքը, պարզապես նրանք մինչև երեխայի ծնվելու 70 օրվա գումարը չեն ստնանա: Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանը ևս մեկ փոփոխության մասին մատնանշեց.«Գումար կստանան նաև նրանք, ովքեր երեխա կորդեգրեն և փոխնակ մայրերը: Պարզապես նախածննդյան գումարը չեն ստանա»: