Քաղաքական

ԵԱՀԿ-ն հերթական մշտադիրարկումը կանցկացնի

Հոկտեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրի հարավ-արևելյան ուղղությամբ: Այս մասին հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և Իրժի Աբերլեն /Չեխիա/:

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Եվգենի Շարովը /Ուկրաինա/, ինչպես նաև ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը:

ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button