Այսօր կհրապարկվեն ՄԻԵԴ-ում Հայաստանը ներկայացնող դատավորի պաշտոնին հավակնող երեք թեկնածուների անունները


Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Այսօր կհրապարկվեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանը ներկայացնող դատավորի պաշտոնին հավակնող երեք թեկնածուների անունները: Մրցութային հանձնաժողովն այս պահին ամփոփում է մրցույթի հիմնական փուլի՝ հարցազրույցի արդյունքները: Թեկնածուներին ներկայացվող պահանջները, հիշեցնենք, գնահատվելու են 100 բալանի սանդղակով, երեք հիմնական չափորոշիչներով ՝ անձնական հատկանիշներ, մասնագիտական որակներ, լեզվական կարողություններ:
Մրցույթի արդյունքներով հանձնաժողովը կհրապարակի ամենաբարձր միավորները հավաքած երեք թեկնածուների անունները: Ըստ ընտրության սահմանված կարգի՝ պարտադիր պայմաններից է թեկնածուներից առնվազն մեկի կին լինելը:
Հրապարակվելուց հետո հավակնորդների ցուցակը կներկայացվի հանարպետության նախագահին, նրա կողմից հաստատվելու դեպքում կուղարկվի Ստրասբուրգ: ՄԻԵԴ-ում Հայաստանը ներկայացնող դատավորի վերջնական ընտրությունը կատարելու է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը:
Ի դեպ, ինչպես նախագահը, այնպես էլ ԵԽԽՎ-ն իրավունք ունեն մերժել բոլոր երեք թեկնածուներին. այդ դեպքում պետք է նոր մրցույթ հայտարարվի:
Հիշեցնենք՝ 12 հավակնորդների թվում են թվում են նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, փաստաբան Վահե Գրիգորյանը, Սահմանադրական դատարանի խորհրդական Եղիշե Կիրակոսյանը, նաև մի քանի դատավորներ ու դատախազության աշխատակիցներ ։