Պաշտոնական

Հայկական եկեղեցիների պահպանության հարցը քննարկվել է ՀՀ եւ Վրաստանի ԱԺ նախագահների հանդիպման ժամանակ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 6-ին Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Վրաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ։ Հանդիպման ժամանակ  Հայաստանի խորհրդարանի նախագահը ուշադրություն է հրավիրել Վրաստանում հայկական եկեղեցիների պաշտպանության հարցին և, մասնավորապես, ընդգծել է, որ անհրաժեշտ է հրատապ քայլեր ձեռնարկել Մուղնեցոց Սուրբ Գևորգ, Սուրբ Նշան և Սուրբ Նորաշեն եկեղեցիների վերականգնման և պահպանության ուղղությամբ: Գալուստ Սահակյանն անդրադարձել է ևս մեկ խնդրի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքը Վրաստանի տարածք արգելելու երևույթին:

Նրա խոսքով՝ վերջին շրջանում ՀՀ որոշ քաղաքացիների կողմից բողոքներ են ստացվել, որ հայ-վրացական սահմանային անցակետերում վրաց սահմանապահների կողմից արգելվել է վերջիններիս մուտքը Վրաստանի տարածք: Ի պատասխան ՀՀ ԱԺ նախագահի վերջին դիտարկմանը՝ Վրաստանի Ազգային ժողովի նախագահն ափսոսանք է հայտնել նման միջադեպերի առնչությամբ և հույս հայտնել, որ խնդիրը կկարգավորվի:

Հանդիպման ընթացքում Գալուստ Սահակյանը նշել է, որ 2015 թվականին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Նա Վրաստանի խորհրդարանականներին հրավիրել է մասնակցելու ապրիլին Երևանում կայանալիք ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման միջոցառումներին: Նա հույս է հայտնել, որ Վրաստանի խորհրդարանը համապատասխան անդրադարձ կկատարի մարդկության դեմ իրականացված այդ ոճրագործությանը: «Ցեղասպանության դատապարտումն ու ճանաչումը կարևոր նշանակություն ունի մարդկության դեմ կատարված հանցագործությունների կանխարգելման հարցում»,-նշել է ՀՀ ԱԺ նախագահը:

Նույն օրը՝ հոկտեմբերի 6-ին, ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ, հանդիպել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ երկու երկրների միջև միջմշակութային հարաբերությունները մշտապես եղել են ուշադրության կենտրոնում: Եվ դա բնական է, քանի որ հարևան ժողովուրդների մշակութային կապերը և պատմականորեն ձևավորված արժեքային ընդհանուր համակարգը հիմք են հանդիսանում հետագա համագործակցության զարգացման համար: ՀՀ ԱԺ նախագահն այդ համատեքստում Վրաստանի Կաթողիկոս Իլյա Երկրորդի ուշադրությունը հրավիրել է Վրաստանի տարածքում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին՝ անհրաժեշտ համարելով հրատապ քայլեր ձեռնարկել Մուղնեցոց Սուրբ Գևորգ, Սուրբ Նշան և Սուրբ Նորաշեն եկեղեցիների վերականգնման և պահպանության գործում: Գալուստ Սահակյանը նաև մտահոգություն է հայտնել Միջին Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ՝ նշելով, որ Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով վտանգված է ամբողջ արևելյան քրիստոնեական քաղաքակրթությունը:

Կաթողիկոսը ողջունել է հյուրերին և նշել, որ չնայած պատմական ծանր անցյալին՝ հայ և վրացի ժողովուրդները կարողացել են ստեղծել մշակութային կոթողներ: Ինչ վերաբերում է վերոնշյալ եկեղեցիներին, ապա Կաթողիկոսը նշել է` Հայաստանն ու Վրաստանը տարածաշրջանում քրիստոնեության օազիսներ են՝ հավելելով, որ երկու ժողովուրդներին կհաջողվի խնդիրներին արդար լուծում տալ:

Անդրադառնալով Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող իրադարձություններին՝ Վրաց Պատրիարքը համարել է դրանք առավել քան վտանգավոր:

Այնուհետև ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեի հետ:

Back to top button