Հասարակություն

Փոխըմբռնման հուշագիր՝ Մայր աթոռի Մատենադարանի և Հայաստանի Ազգային գրադարանի միջև

Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի` հոկտեմբերի 6-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկել է «Անցյալի պահպանություն՝ հանուն ապագայի» խորագրով հայկական գրադարանների երրորդ միջազգային համաժողովը, որը գումարվել է ՀՀ մշակույթի նախարարության, Մայր աթոռի և Հայաստանի Ազգային գրադարանի աջակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։

Համաժողովի ընթացքում Մայր Աթոռ Սբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն Տ. Արարատ քահանա Պողոսյանը և Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը ստորագրեցել են փոխըմբռնման հուշագիր: Հուշագրով նախանշվող համագործակցության շրջանակներում երկու կառույցներն իրենց նպաստն են բերելու հայագիտության պահպանման, զարգացման ու տարածման, երիտասարդ սերնդի դաստիարակության և ազգային-հոգևոր արժեքների մասին իրազեկման կարևոր գործին, խթանելու են հայագիտական կենտրոնների հետ հարաբերությունների ամրապնդումն ու խորացումը, իրականացնելու են հայ տպագիր ժառանգության և փաստաթղթերի թվայնացման, թվային գրադարանի ստեղծման, թվայնացման միջոցով վտանգված նյութերի երկարաժամկետ պահպանության ծրագրեր: Հուշագրով նախատեսվում է նաև գրադարանավարների համար «Վարպետաց դասերի» կազմակերպում Հայաստանի Ազգային գրադարանում, մասնագետների փոխայցեր, համատեղ ցուցադրություններ և համաժողովներ:
Համագործակցության շրջանակներում Մայր աթոռի Մատենադարանը կներգրավվի «Հայ պարբերական մամուլի համահավաք գրացուցակ»-ի և հայ հնատիպ ու վաղ շրջանի գրքերի համահավաք շտեմարանների ձևավորման աշխատանքներում:
Նախանշված աշխատանքների իրականացման նպատակով կստեղծվի Սբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի և Հայաստանի Ազգային գրադարանի ներկայացուցիչներից կազմված հանձնախումբ:

Ցուցադրել ավելի
Back to top button