Քաղաքական

Ս. Սարգսյան. Հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը հարստանում է համատեղ կարևոր նախաձեռնություններով

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, շնորհավորել և բարեմաղթանքներ հղել նրան ծննդյան օրվա առթիվ: ՌԴ նախագահին ՀՀ Նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել, հայտնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից։

«Հայաստանում բարձր են գնահատում Ձեր անձնական ներդրումը դաշնակցային փոխգործակցության ամուր հիմքի վրա զարգացող մեր երկրների ժողովուրդների բարեկամության բազմադարյա ավանդույթների բազմապատկման գործում: Այդ համատեքստում կարևոր նշանակություն եմ տալիս ձևավորված միջանձնային հարաբերություններին, որոնք, անկասկած, լրացուցիչ խթան են հանդիսանում հայ-ռուսական ռազմավարական գործընկերության հետևողական զարգացման համար:

Գոհունակությամբ կարող ենք հաստատել, որ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը հարստանում է համատեղ կարևոր նախաձեռնություններով, որոնք ընդգրկում են փոխշահավետ համագործակցության նորանոր ոլորտներ:

Ձեր հետևողական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում և ակտիվ աջակցությունը Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միություն մտնելու գործում, նույնպես արժանի են ամենախորը երախտագիտության»,- ասված է ուղերձում։

Կրեմլի մամուլի ծառայությունն էլ հայտնում է, որ ՌԴ նախագահին այսօր շնորհավորել են նաեւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին։

Ցուցադրել ավելի
Back to top button