Հասարակություն

ՀՀ նախագահն այցելեց «Շանթ հեռուստաընկերություն՝ հիմնադրման 20- ամյակի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերության 20-ամյակի առթիվ այսօր այցելել է հեռուստաընկերություն, շնորհավորել «Շանթի» աշխատակիցներին, սեփականատերերին և բազմահազար հեռուստադիտողներին՝ հեռուստաընկերության հոբելյանի առթիվ։ «Այս տարիների ընթացքում ընկերությունը կայացել է որպես ոլորտի առաջատարներից մեկը, և կարծում եմ, որ այսպիսի գնահատականն արժանի գնահատական է: Ինձ դուր է գալիս ձեր աշխատանքը, ինձ դուր է գալիս հատկապես աշխատանքը երիտասարդների շրջանում, ձեր պրպտուն, համբերատար աշխատանքը, տաղանդներ հայտնաբերելու և առաջ մղելու գործելաոճը: Անձամբ ինձ շատ է դուր գալիս «Ժողովրդական երգիչ» նախագիծը, թեև անկեղծորեն պետք է ասեմ, որ միշտ չէ, որ հնարավորություն եմ ունենում դիտել այդ հաղորդումը, բայց երբ դիտում եմ՝ դիտում եմ հաճույքով: Դա շատ շնորհակալ աշխատանք է՝ հնարավորություն տալ մարդկանց ինքնադրսևորվելու: Հոգ չէ, որ կարող են ստուդիա գալ տասնյակ, նույնիսկ հարյուրավոր մարդիկ, ովքեր, մեղմ ասած, տաղանդավոր չեն, բայց եթե 20-30 հոգուց մեկը լինի տաղանդավոր, ուրեմն՝ դուք շատ շնորհակալ աշխատանք եք կատարում և՛ տվյալ մարդու, և՛ մեր հանրության համար»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը և մաղթել հեռուստաընկերությանը բազմաթիվ հոբելյաններ:

«Շանթ» հեռուստաընկերության հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ, հեռուստաընկերության ստեղծման և կայացման, հեռուստատեսության բնագավառի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, հեռուստալրագրության զարգացման գործում ներդրած ավանդի և բազմամյա նվիրումի, ինչպես նաև բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար հեռուստաընկերության մի շարք աշխատակիցներ ՀՀ նախագահի հրամանագրերով արժանացել են ՀՀ պետական պարգևների: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է պարգևատրվածներին և հանձնել մեդալներն ու շնորհակալագրերը:

Հանրապետության Նախագահը «Շանթ» հեռուստաընկերությունում հետևել է նաև Գյումրիում «Թումո» կենտրոն բացելու կապակցությամբ հեռուստաընկերության նախաձեռնությամբ կազմակերպված բարեգործական մարաթոնին:

Անդրադառնալով այս նախաձեռնությանը՝ Սերժ Սարգսյանը ողջունել է, որ ծննդյան տարեդարձը հեռուստաընկերությունը նշանավորում է այդպիսի կարևոր նախաձեռնությամբ, որը, նախագահի համոզմամբ, դեռ երկար տարիներ հիշվելու է։

Ցուցադրել ավելի
Back to top button