ԽԱՊԿ-ն հրապարակել է 2014թ. մայիսից մինչև սեպտեմբեր իրականացված հետազոտության արդյունքները


Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2014թ. մայիսից մինչև սեպտեմբեր իրականացված հետազոտության արդյունքները, որով գնահատվել է հայաստանյան պետական կառույցների տեղեկատվական թափանցիկության մակարդակը: Ոսումնասիրվել են 44 գերատեսչությունների կայքեր՝ 34-ը նախարարություններն ու կառավարությանն առընթեր մարմիններն են , 10-ը՝ մարզպետարանները:
ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանն այսօր ասել է, որ կայքերի դիտարկումն իրականացվել է նորացված մեթադաբանությամբ, 146 չափորոշիչով: Գնահատվել են տեղեկությունների առկայությունը, ամբողջականությունը , հրատապոսւթյունն ու մատչելիությունը: Ըստ բոլոր չափորոշիչների համադրման՝ ձևավորվել են կայքերի տեղեկատվական թափանցիկության գործակիցները և ըստ դրանց էլ՝ կազմվել վարկանիշային աղյուսակները:
«Առաջին տեղում տարածքային կառավարման նախարարությունն է՝ 99.36 % թափանցիկությամբ, երկրորդ տեղում ՀՀ միգրացիոն պետական ծառայությունն է, երրորդում ՝ գյուտնտեսության նախարարությունը»:
Իսկ վատագույնների կամ տեղեկատվության թափանցիկությունն ամենաքիչը ապահոված կառույցների եռյակում էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն է, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը և միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն:
Մարզպետարաններից լավագույն ցուցանիշը Կոտայքի մարզինն է, վատագույնը ՝ Սյունիքինը: